Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:
Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:
Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել