Ծնվել է Էրզրումի նահանգի Ներքին Բագառիճ գյուղում: 1912թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը: 1913թ. սովորել է Եվրոպայում: Այնուհետև վերադարձել է Հայաստան, կռվել է Անդրանիկի գնդում: 1918թ. մարտում վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս։ 1918-1919թթ. սովորել է Ներսիսյան դպրոցում: 1919թ. մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա Կ. Պոլիս։ Հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշայի հետքերով եղել է մի շարք երկրներում: 1921թ. մարտի 15-ին հայտնաբերել է նրան Բեռլինում և գնդակահարել: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թեհլերյանին: Սողոմոն Թեհլերյանը մի քանի տարի ապրել է Բելգրադում։ Վախճանվել է Սան Ֆրանցիսկոյում:
«…Թեհլերյանը լուծեց վրեժը միլիոնավոր անմեղ հայ նահատակների և ապրողաց... Մենք պետք է հպարտությամբ հիշենք և արտասանենք նրա սուրբ անունը, առանց ամոթի, առանց վախի, թե մեր թշնամիներն ինչպես կմեկնաբանեն Թեհլերյանի արարքը: Թեհլերյանին արդարացրեց ինքը` Եվրոպան, ողջ քաղաքակիրթ մարդկությունը... Թեհլերյանի արարքը հայ ժողովրդի արդար դատի իրագործման քայլերից մեկն էր, որը արդեն անցած փուլ է: Այսօր մենք թևակոխել ենք նոր ժամանակաշրջան և նոր ուղիներով պետք է լուծենք մեր ազգային խնդիրները, իսկ Սողոմոն Թեհլերյան անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ» (Ա. Խանջյան, «Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը Երևանում», «Ազգ», 19 սեպտեմբերի, 2003):
2003թ. օգոստոսի 8-ին Աջափնյակ թաղամասի Շինարարների փողոցի մի համեստ անկյունում բացվեց հայ ժողովրդի նվիրյալ, նրա արժանի զավակ Սողոմոն Թեհլերյանի մարմարե կիսանդրին:
Թեհլերյանի արձանի բացմանը խոսք ասացին Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, թատերագիր Պերճ Զեյթունցյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, Աջափնյակի թաղապետ, հուշարձանի պատվիրատու (հովանավոր) Արծրուն Խաչատրյանը, արձանի հեղինակը` Լևոն Թոքմաջյանը:
Թեհլերյանի արձանի նյութը Ղարաբաղի վարդագույն մարմար է, բարձրությունը` 3մ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել