Hetq.am-ը գրում է․
Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։
Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։
Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։
Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։
Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։
Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։
Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։
Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։
Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։ Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ