168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականով այսուհետ խստիվ արգելվում է դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: Ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին համապատասխան հանձնարարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Ըստ այդմ՝ ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից: Դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ` բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս:

Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքով և Գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել