Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ազգային ժողովի նախագահը չեկավ ու չբացեց նիստը։ Ես սա համարում եմ անհարգալից վերբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ՝ մեկ, երկրորդ՝ ԱԺ նախագահը պետք է իր լիազորությունները կատարի, որ չի արել, երրորդ՝ ԱԺ նախագահը երկրի թիվ երկու պաշտոնյան է, նա ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի։ Բոլոր պատգամավորներս, այդ թվում նա, երդում ենք տվել քաղաքացիական ծառայության։ Բայց նա ոչինչ չի անում և երևի չի կարողանում անել», - ասաց Մարուքյանը լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ իշխանությունը անընդհատ հայտարարում է ընդդիմությանը՝ եկեք քննարկենք, եկեք բանակցությունների սեղանի շուրջ, բայց անգամ այս նիստը չի կայանում։

«Երկրում լարված վիճակ է, պարտադիր պետք է քննարկում, բայց ո՞ւմ հետ քննարկենք, եթե մի կողմը չկա», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ի համար խնդիր չկա, եթե Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրությունները։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու երկրի վիճակը։

Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Օրակարգում ՀՀ-ում ռազմական դրության վերացման հարցն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել