Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, եթե խնդիրը դա է:
Aysor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, թե իր վերաբերյալ Ռուբեն Ռուբինյանի արած բոլոր հայտարարությունները սուտ են։
«Իմ վերաբերյալ Ռուբինյանի թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ նաև ապագայում անելիք հայտարարությունները բոլորը սուտ են։ Եվ ես ամեն անգամ չեմ արձագանքելու նրան։ Մի քանի անգամ ասել եմ, որ նրա բոլոր հայտարարությունները սուտ են, ինքն իր բնույթով անլուրջ մարդ է, ինչն ինձ համար վաղուց բացահայտում չէ։
Երկար ժամանակ նա իմ սուրճ դնողն է եղել, հիմա էլ շարունակում է մնալ իմ սուրճ դնողը։ «Ելք» դաշինքի ժամանակ իմ սուրճ դնողն է եղել, երբ դեսպան եմ եղել, էլի իմ սուրճ դնողն է եղել։ Իմ սուրճ դնողի հայտարարությունները ես ո՞նց մեկնաբանեմ»,-ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանից նավթամթերք գնելու հարցով քննադատել է իշխանություններին, դրա համար էլ անդրադարձել են իրեն։
«Հիմա երբ ես իրենց քննադատել եմ, որ թշնամի պետությունից նավթամթերք ենք գնում մեր ժողովրդի փողերի հաշվին և դրանով ֆինանսավորում մեր տարածքն օկուպացրած բանակին, դրանից, բնականաբար, վրդովված է և բովանդակությանը չի արձագանքում, ասում է՝ Էդմոն Մարուքյանը՝ սենց, Էդմոն Մարուքյանը՝ նենց»,-ասաց Մարուքյանը։



