«Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ են այն հայտարարությունները, թե Արցախում, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով, հայերենի դերը նվազեցվում է: Ըստ Հարությունյանի՝ պատերազմի ավարտից հետո, երբ Արցախում խաղաղապահներն են տեղակայվել, Արցախի գրեթե բոլոր գերատեսչություններն իրենց ամենօրյա աշխատանքով առնչվում են նրանց հետ, ինչի համար ռուսերենը դարձել է շատ անհրաժեշտ: Դրանով էլ պայմանավորված՝ մի խումբ պատգամավորներ որոշել են օրենքում փոփոխություններ կատարել և ռուսերենն Արցախում դարձնել պաշտոնական լեզու, ոչ թե պետական: Արամ Հարությունյանը հավելեց նաև, որ դեռևս կառավարությունն իր դիրքորոշումը չի ներկայացրել, ինչի համար իրենք չեն կարող ասել, թե իրենց առաջարկությունն ինչ հանգուցալուծում կստանա:
-Պարո՛ն Հարությունյան, տեղեկացանք, որ Ձեր ղեկավարած հանձնաժողովում է գտնվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետք է Արցախում երկրորդ պաշտոնական լեզուն ռուսերենը հաստատվի: Ովքե՞ր են նախաձեռնել, ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ:
-Նախ, նշեմ, որ նախագիծը դեռ պաշտոնական շրջանառության է, և կառավարությունը դեռևս չի տվել վերջնական եզրակացությունը, ինչի պատճառով ներկա պահին դեռ մեր հանձնաժողովում չի քննարկվել: Ինչ վերաբերում է նախաձեռնողներին, ասեմ՝ երեք պատգամավորների նախաձեռնությամբ է, որից մեկը ես եմ: Հիմնավորման մեջ մենք նշել ենք, որ, բացի ստեղծված իրավիճակից, նաև այլ նախադրյալներ կան: Դրանցից կարևորները նրանք են, որ Արցախի ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում է գտնվում, և մենք, եթե հայրենադարձություն կազմակերպելու լինենք, պետք է պարտադիր նրանց համար հարմար պայմաններ ձևավորենք, որպեսզի մարդիկ կարողանան գալ և իրենց բնականոն կյանքը շարունակել Արցախում: Բացի այդ, ներդրումների մասով կհեշտանա Ռուսաստանում ապրող հայերի համար այդտեղ գործունեություն ծավալելը: Այս ամենը մեզ հուշեց, որ պետք է Արցախում հնարավորություն ստեղծենք, որ հանրության մեջ ռուսերենի իմացությունն ավելի տարածվի ու ամրապնդվի: Եվ ուզում եմ ընդգծել, որ սա չի արվում հայերենի հաշվին: Որևէ միտում չկա հայերենը ստորադասելու, նվազեցնելու մասին: Հաճախ հանրության մեջ սխալ կարծիք է ձևավորվել, թե փոխվում են պետական և պաշտոնական հասկացությունները: Այստեղ պետական լեզուն ինչպես եղել, այդպես էլ մնում է միայն հայերենը: Հաշվի են առնվել նաև խաղաղապահների հետ մեր հարաբերությունները: Ներկա պահին գրեթե բոլոր գերատեսչությունները համագործակցում են խաղաղապահների հետ և ստիպված են նամակագրություններ կատարել ռուսերենով:
-Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի կառավարությունը: Իրենց հետ քննարկում ունեցե՞լ եք: Իրենց դիրքորոշումը հայտնի՞ է: Հիմա տարատեսակ տեղեկություններ կան. կառավարությունից ասում են, որ նման նախագիծ չկա, իսկ խորհրդարանն էլ հաստատում է, որ շրջանառության մեջ է դրվել այս հարցը։ Նախապես քննարկում ունեցե՞լ եք, թե՞ անակնկալ է եղել իրենց համար:
-Հնարավոր չէ՝ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք իրավասություն ունեն, ասեն, որ չկա նման նախագիծ: Հնարավոր է՝ ինչ-որ ժամկետների հարց լինի, այդ օրը ներկայացված չլինի, հետո երևա: Որոշակի քննարկումներ ունեցել ենք, բայց պետք է ուսումնասիրենք բոլոր հոդվածները: Կան լրացումներ, որոնք պետք է ուսումնասիրի կառավարությունը, որից հետո պարզ կլինի դիրքորոշումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: