Armenpress.am-ը գրում է.
Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է այդ ծավալները բաշխել արտահանողների միջև։
Նշվում է, որ շաքարի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը դեռ ապրիլի 5-ին հաստատվել է ՌԴ տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովի նիստում։
Մարտ ամսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ այդ երկիրն արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նախարարության հաղորդմամբ՝ արտահանման սահմանափակումը թույլ կտա պահպանել փոխադրվող պահուստների բավարար ծավալը և ԵԱՏՄ-ի գործընկերներին ապահովել շաքարով։
Գերատեսչությունում նշել են, որ ռուսական շաքարն ամենամատչելիներից է աշխարհում, ինչը խթանում է դրա նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում։ Այս տարի զգալիորեն ընդլայնվել է ռուսական շաքարի մատակարարումների աշխարհագրությունը։ Մասնավորապես, այն սկսել են ներմուծել Թուրքմենստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Հյուսիսային Կորեան և Սենեգալը:
Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ՌԴ-ն արտադրել է 6.6 միլիոն տոննա ճակնդեղի շաքար, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։ Ընդ որում, ներքին սպառումը կազմում է մոտ 6 մլն տոննա։