Արմաշի դպրոցի հերոս նահատակների աստղաբույլը ևս մեկով ավելացավ՝ Մայիս Ավետումյան։ 4 տարի սովորեց պարարվեստի դպրոցում, այնուհետև բանակ գնալուց առաջ ընդունվեց մանկավարժական համալսարանի ռեժիսորական բաժինը։ Այս ուրախ տղան մեկն էր Մարտունի 3-ի 7-րդ վաշտի այն 72 տղաներից, որոնք մարտական գործողություն իրականացնելու ժամանակ ընկան թշնամու շրջափակման մեջ, կռվեցին ու զոհվեցին քաջաբար։Դեռ փոքրուց Մայիսն ամենուր էր, բոլոր հայրենասիրական միջոցառումների ակտիվ մասնակիցը ,բոլոր ազգային պարերի նախաձեռնողն ու իրականացնողը։
Երբ 7-րդ դասարանում դասարանը անվանակոչում էինք Արցախյան ազատամարտում փառավոր ուղի անցած լեգենդար Արաբո ջոկատի անունով՝Մայիսը երդման հանդիսավոր տեքստն էր արտասանում։ Նա երդվում էր խրոխտ ու անվեհեր ,առանց պատկերացնելու,որ տարիներ հետո ճակատագրի զարմանալի կամոք իր սիրելի հերոսների՝ արաբոների բախտին պիտի արժանանար։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ արաբոյական 72 հոգանոց ջոկատը անհետ կորավ և միայն տարիներ հետո ադրբեջանական վիդեոներից մեկում ճանաչեցին նրանց, ՝ թշնամի քայլում էր նրանց դիերի վրայով՝ ասելով ՛՛․․․սրանք անդրանիկներ էին, չէին փախչի՛՛ ։
Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ Մարտունի 3-ի 7-րդ վաշտի 72 տղաները հոկտեմբերի 11-ին երեք մեքենաներով տեղափոխվում էին Հադրութ հատուկ գործողության համար։ Այդ օրը եղավ ճակատագրական Մայիսի և նրա ընկերների համար։ֆիզուլիից Հադրութ տանող ճանապարհին նրանք անհետ կորան ։ Տղաների դիերի մեծ մասը գտան միայն 100 օր հետո։ Ընկնելով թշնամու շրջափակման մեջ՝տղերքը անհավասար կռվի էին բռնվել։ Նրանք կարող էին փախչել, կարող էին հանձնվել, բայց տղերքը կռվեցին մինչև վերջ,կռվեցին հերոսաբար , կռվեցին, որովհետև անդրանիկներ էին ու չէին փախչի ։
Հայրենիքի զոհասեղանին մատաղվեցին տղերքից շատերը՝ այդ թվում Մայիսը ու լույս դարձան նրանց արդար հոգիները։
Մայիս Ավետումյան, քո սխրանքն անմահ է, քո հիշատակը՝ անմար մեր սրտերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել