Սիրելի՛ բարեկամներ
Ավարտվում է ձախողումների, անվերականգնելի կորուստների և տապալումների տարին, իսկական անիծյալ ժամանակաշրջան մեր ժողովրդի համար։
Կորոնավիրուսը և նրա թողած ավերածությունները, մարդկային կորուստները, Արցախի տանուլ տված պատերազմը, հայրենիքի կորսված տարածքները, հազարավոր հայորդիների զոհվելը, ըստ էության, ծնկի են բերել մեր երկիրը և հասցրել իսկական աղետի եզրին։
Վերը նշված իրողությունների հիմքում դրված են խորքային խնդիրներ, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի անկատարությունը, ռազմավարական մտածողության բացակայությունը, ծանր տնտեսական իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումների ոչ ճիշտ վերլուծությունն ու սթափ գնահատումը, պետության և հայ ժողովրդի ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, տրված խոստումների չիրագործումը, սեփական հնարավորություններից դուրս նպատակների արձանագրումն ու դրանց ամբողջական տապալումը, ինչպես նաև սեփական պատմությունից դասեր չքաղելու աններելի իրողությունը։
Այս ամենով հանդերձ, պետք է գիտակցնեք, որ վերջնականապես ջարդվելու իրավունք չունենք, ընկճվածության մեջ հարատև ապրելու իրավունք չունենք։
Ապրե՛լ է պետք՝ հանուն ընկածների լուսավոր հիշատակի։
Խորապես համոզված եմ՝ 2020թ․ պետք է դառնա կարմիր գիծ ու ջրբաժան մեզանից յուրաքանչյուրի համար։
2021թ․ պետք է ոտք դնենք ընկած վիճակից վերկենալու, թույլից ուժեղանալու վճռականությամբ։
Առաջին հերթին մեզ ներքին համերաշխություն ու համազգային հանդուրժողականություն է անհրաժեշտ։
Ցանկացած հաջողության հիմքում դրված է նպատակին հասնելու վճռականությունն ու կամքը, բայց դրան հասնելու համար համապատասխան դրական միջավայր է պետք ստեղծել։
Այս առումով 2021թվականը պետք է բեկումնային տարի է լինի մեր հայրենիքի համար։
Մենք պետք է նախևառաջ լուծենք խորացող քաղաքական ճգնաժամը։
Մինչև չլուծենք այն, մեր երկրի տնտեսական վիճակի բարելավման մասին խոսելն անիմաստ է։
Երկիրը կշարունակի մնալ լարվածության ու անորշության մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
Մենք պետք է վերականգնենք մեր միջազգային վարկը, մեր դաշնակիցների ու բարեկամների հետ մեր հաղորդակցության ու համագործակցության բնականոն ընթացքը:
Պետք է կարողանանք փոխել մեր պետության շուրջ ձևավորված անորոշության մթնոլորտը, հույս ու լավատեսություն հաղորդենք բոլոր նրանց մոտ, ովքեր ուզում են ապրել ու ստեղծել Հայաստանում, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը դարձնել ավելի լավը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին ժամանակներում մեր բազմաթիվ հայրենակիցներ հորդորում են մեզ լինել ավելի ակտիվ, ներկայացնել կոնկերտ ծրագրեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին:
Ներկայումս ակտիվ քննարկումներ են տեղի ունենում տարբեր անհատների հետ՝ փորձելով գույքագրել բոլոր խնդիրներն ու գտնել դրանց լուծման առավել արդյունավետ լուծումները, ինչպես նաև հանդես գալու ձևաչափը:
Տեսանելի ապագայում Ձեզ կներկայացնենք մեր պատկերացումները Հայաստանի զարգացման կոնցեպտի վերաբերյալ:
Մի բան, սակայն, կարող եմ այս պահին արձանագրել աներկբայորեն. Մենք պարտավոր ենք դուրս գալ այս իրավիճակից, և ստեղծել ուժեղ ու զարգացած պետություն։ Սա մեր վերջին հայրենիքն է:
Մենք Հայաստանը պատկերացնում ենք հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր:
Մենք փորձելու ենք անել հնարավորը՝ միջին խավը կայացնելու, արդար հասարակություն ստեղծելու և իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու համար:
Խորապես համոզված ենք, որ քաղաքական խնդիրները պետք է լուծել քաղաքական տրամաբանությամբ ու գործիքներով՝ դուրս չգալով օրինականության շրջանակներից:
Արյունով չի կարելի վախեցնել ժողովրդին: Արյան մթնոլորտը պետք է հանել մեր երկրից:
Գուցե վիճելի համեմատություն է, բայց կարծես Հայաստանում 99 թվականի հոկտեմբերի 27-ին նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում ապրենք:
Խնդրում եմ՝ եկեք համատեղ ուժերով դուրս գանք այս մղձավանջից, և 2021թ. ոտք դնենք հույսով, որ փոխելու ենք մեր պետության որակը, որ ոտքի ենք կանգնելու, որ ստեղծելու ենք իրական պայմաններ երկրի զարգացումն ապահովելու համար:
՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնության համար ցանկացած ընտրություն միակ օրինական հնարավորությունն է՝ ավելի լավ իշխանություն ընտրելու, վատ իշխանությունից ազատվելու և ավելի լավ որակի քաղաքական համակարգ ձևավորելու համար:
Ինձ համար հասկանալի չէ արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունների վերաբերյալ հրապարակվող դեմ կարծիքները, վերապահումներն ու անհամաձայնությունները:
Ինչի՞ց եք վախենում: Թո՛ղ լինի ընտրություն, թո՛ղ ժողովուրդը որոշի՝ ո՞վ է դավաճանը և ո՞վ հերոսը, ո՞վ է հաղթողն ու պարտվողը, թո՛ղ ժողովուրդն ընտրի իր իշխանությանը:
Իսկ եթե որևէ մեկը փորձ կանի կեղծել ընտրությունները, ժողովուրդն իսկապես կսրբի բոլոր ընտրակեղծարարներին, անկախ նրանից՝ նրանք ներկա՞ են, թե՞ նախկին:
Եկե՛ք 2021թ. դարձնենք մեր կորսված նպատակների ու երազանքների վերածննդի տարին, մեր հաջողության մեկնարկի տարին, մեր պետության խաթարված արժանապատվության վերականգնման տարին, մեզանից յուրաքանչյուրի ոգեղենության վերականգնման տարին:
Իմ և իմ ընտանիքի, իմ ընկերների անունից Ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքներում սեր ու համերաշխություն եմ մաղթում, թող 2021թ. լինի մեր մեջքը շտկելու, խաղաղության և զարգացման տարի:
Այս նոր տարին, բնականաբար, դիմավորելու ենք Եռաբլուր այցելելով՝ մեր խոնորհումը բերելով իրենց կյանքը հանուն մեզ ու մեր հայրենիքին տված մեր փառավոր տղերքի լուսավոր հիշատակի առաջ:
Աստված պահապա՛ն բոլորիդ:
Զինվենք համբերությամբ, վճռականությամբ, լավատեսությամբ ու շարժվենք առաջ դեպի արդար Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1535093536692612&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել