Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ և զորավար:
Սովորել է ծննդավայրի Մուշեղյան դպրոցում: 14-15 տարեկան հասակում ըմբոստացել է թուրքական սոցիալական և ազգային ճնշման դեմ, որի համար նետվել է բանտ: Ազատվելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, զբաղվել ատաղձագործությամբ, ընդգրկվել հեղափոխական շարժումների մեջ: Թուրքական իշխանության հալածանքներից խուսափելով` անցել է Բաթում, ապա Կարս: 1890թթ. աբդուլհամիդյան «զուլումի» սաստկացման պայմաններում, Անդրանիկը նվիրվել է հայերի ազատագրման գործին, անհաշտ պայքար ծավալել թուրքական բռնակալության դեմ, դարձել խիզախ ֆիդայի: Աղբյուր Սերոբի խմբում մարտնչել է Տարոնում, Սասունում, նրա զոհվելուց հետո գլխավորել է ինքնապաշտպանական մի քանի մարտեր: 1901թ. նոյեմբերին, երբ Անդրանիկը իր փոքրաթիվ ջոկատով Մշո Առաքելոց վանքում արիաբար մարտնչել է թուրքական զորքերի և քրդական հրոսակախմբերի դեմ, ապա ճեղքել պաշարման օղակն ու հեռացել, տարածվել է «անորսալի» հերոսի հռչակը, արժանացել ժողովրդական լայն ճանաչման: 
1904թ. Անդրանիկը թուրքական բռնատիրության դեմ նոր մարտեր է մղել Վասպուրականում (Աղթամար, Վան և այլն): Այնուհետև անցել է Պարսկաստան, ապա Անդրկովկաս։ Թիֆլիսում՝ Հովհաննես Թումանյանի հետ քննարկել է հայ ազատագրական պայքարի խնդիրները: Զենք հայթայթելու նպատակով 1905թ. մեկնել է Ժնև (հանդիպել է բանաստեղծ Սիամանթոյին), ապա Վիեննա, Ֆիլիպե (Բուլղարիա): 
նդհանրացնելով հայ ազատագրական պայքարի փորձը, 1906թ. շարադրել է պարտիզանական շարժման կազմակերպմանը նվիրված «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1914թ. առաջին աշխարհամարտի սկզբին, Անդրանիկը Թիֆլիսում նշանակվել է Հայկական կամավորական 1-ին ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, բազմիցս աչքի է ընկել մարտական սխրանքներով, ղեկավարել շուրջ 20 հաղթական ռազմական գործողություն, մեծ դեր խաղացել Դիլմանի, Զևանի, Բիթլիսի և այլ ճակատամարտերում: Դրանցում դրսևորվել են Անդրանիկի ռազմական տաղանդը, մարտական գործողություններ վարելու արվեստը, խիզախությունը, հոգատար վերաբերմունքը զինվորների, գաղթականների և աշխատավորների նկատմամբ: 1918թ. հունվարին ստացել է գեներալ-մայորի կոչում, փետրվարին նշանակվել է էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Նա իր զորամասով և բազմաքանակ գաղթականներով հունիսին հասել է Նախիջևան և տեղում կարգ ու կանոն սահմանելուց հետո, հուլիսի 14-ին Բաքվի ԺԿԽ նախագահ Ս. Շահումյանին հղած հեռագրում Նախիջևանի գավառը հայտարարել է «Ռուսական հանրապետության անբաժան մասը», հայտնելով, որ իր ջոկատը դնում է «Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության ներքո»: Ստեփան Շահումյանն այդ մասին տեղեկացրել է Վ. Ի. Լենինին, միաժամանակ ողջունել «իսկական ժողովրդական հերոս» Անդրանիկին: 1918թ. ստեղծված բարդ իրավիճակում Անդրանիկին թեև չի հաջողվել միանալ Բաքվի կոմունայի զինվորական ուժերին, բայց նա իր ջոկատով անցել է Զանգեզուր և կազմակերպել երկրամասի պաշտպանությունը թուրքական զորքերից ու մուսավաթականներից: Չհաշտվելով դաշնակցական իշխանության հետ` Անդրանիկը 1919թ. ապրիլին Էջմիածնում ցրել է իր զորամասը, գույքը հանձնել կաթողիկոսին և մեկնել արտասահման, ուր ծավալել է հասարակական լայն գործունեություն, օգնել հայ գաղթականներին: Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել իր սուրը:
Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանի կարծիքով` Անդրանիկը իրավամբ է արժանացել «ժողովրդական լեգենդար հերոսի փառքին»: Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հ. Իսակովը Անդրանիկին անվանել է ազգային հերոս, որի նմանները «աշխարհ են գալիս ոչ այնքան հաճախ»: Անդրանիկի մասին հյուսվել են բազմաթիվ ժողովրդական երգեր, գրվել են վեպեր, բանաստեղծություններ: Անդրանիկը թողել է արժեքավոր երկեր, հուշեր, հոդվածներ: 
Զորավար Անդրանիկը վախճանվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ), թաղվել է Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը: Նրա աճյունը 2000թ. տեղափոխվեց Մայր հայրենիք և հողին հանձնվեց Երևանի Եռաբլուր պանթեոնում: 
«…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր։ Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար։ Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն» (Զորավար Անդրանիկի կտակից, 14 հունվարի 2004, «Վեմ» ռադիոկայան, «Ակունք» հաղորդաշար, հաղորդավար՝ Հասմիկ Գուլակյան)
«…Զորավար Անդրանիկի հուշարձանի կառուցումը եղել էր «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկների երազանքը: «Ով ողջ մնա, նա էլ կիրականացնի մեր նպատակը»,-ասում էին նրանք: «Մալաթիա» ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանը իրականացրեց իր զոհված ու ողջ մնացած ընկերների երազանքը…» (Լ. Հովհաննիսյան. «Զորավարը միշտ մեզ հետ է», «Հայաստանի Հանրապետություն», 26 փետրվարի 1999):
Զորավար Անդրանիկի առաջին արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում զորավարի ծննդյան տարեդարձի օրը` 1999թ. փետրվարի 25-ին:
Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, բարձրաստիճան հյուրեր:
Խոսք ասացին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը, համայնքապետ Վահան Զատիկյանը: Այդ օրը արվեստասեր հասարակության դատին ներկայացվեց Անդրանիկի արձանի գիպսե տարբերակը, իսկ աշնանը դրվեց բազալտե արձանը: Արձանի բարձրությունը` 7 մ: Քանդակագործ` Ռաֆիկ Սարգսյան, ճարտարապետ` Աշոտ Սմբատյան: 
Ռաֆիկ Սարգսյանը ծնվել է 1948թ. Երևանում: 1969թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն, իսկ 1979թ. ԵԳԹԻ քանդակի բաժինը: 1979-1999թթ. քանդակագործություն է դասավանդել Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: 1980-ից Նկարիչների միության անդամ է: 1983թ. Մոսկվայում կայացած համամիութենական քանդակի ցուցահանդեսում Ռ. Սարգսյանի ներկայացրած «Կռունկներ» աշխատանքը արժանացավ մասնագետների ուշադրությանը (ՁՉՏՐփպրՑՉՏ, ծ10, 1982, րՑՐ. Ժ 4-6): 2001թ. մասնակցել է Երևանում կայացած «Քրիստոնյա Հայաստան – 1700» քանդակի միջազգային սիմպոզիումին:
Նրա հայտնի աշխատանքներից են`
«Խտացված ուժ», ծիրանագույն տուֆ, 3.5 մ, 1990թ., Ուլյանովսկի պատկերասրահ
«Երաժշտություն», ծիրանագույն տուֆ, 1.75 մ, 1988թ., Դնեպրոպետրովսկի պատկերասրահ
«Տրդատ թագավոր», տուֆ, 3 մ, 2000թ., Մալաթիա-Սեբաստիա համայնք, «Հայաստան» կ/թ մոտ
«Նռնենի», փայտ, 0.7 մ, 1981, ԺԱԹ
* * *
2001թ. աշնանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու մոտակայքում տեղադրվեց զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար: Արձանի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 2002թ. դեկտեմբերի 25-ին: Արձանի բացման պատիվը վստահվեց բարերար Վահրամ Շիրինյանին, ՀՀ Նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին, «Զորավար Անդրանիկ» միության նախագահ Նորայր Մուշեղյանին: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, կառավարության անդամներ, համայնքապետեր, մտավորականության ներկայացուցիչներ: Բացման խոսք ասացին Ռոբերտ Նազարյանը, Զորի Բալայանը (հրապարակախոս), Նորայր Մուշեղյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը: Արարողությունն ավարտվեց հոգևորականների կողմից արձանի օծումով:
Արձանի նյութը` բրոնզ, բազալտ, բարձրությունը պատվանդանի հետ միասին 9,5 մ, քանդակագործ` վաստակավոր նկարիչ Արա Շիրազ (տես՝ Ա. Մյասնիկյանի արձանը), ճարտարապետ` Ասլան Մխիթարյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել