Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։
Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։
Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անհրաժեշտ է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:
Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման պահանջները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել