168.am-ը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան տարբերվում է նրանով, որ թշնամին դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները` դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ։

«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ, սա արվել է այն բանից հետո, երբ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից՝ լուսաբանելու այս հակամարտությունը։ Նախարարության կողմից հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր, մոտ 200 լրագրողներ, որոնցից մոտ 100-ն արդեն աշխատում էին Արցախում։ Մարտունու շրջաններից մեկի այցելության ժամանակ լրագրողները հայտնվել էին կրակի տակ, երբ Ադրբեջանը սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Աննա Նաղդալյանը։

Նա տեղեկացրեց, որ ֆրանսիական Le Monde-ի  թղթակիցներից մեկին, ում Ստեփանակերտում վիրահատել էին, պատրաստվում են տեղափոխել Հայաստան։

Աննա Նաղդալյանը նաև ընդգծեց, որ թշնամու կողմից թիրախավորվել են նաև լրագրողներին տեղափոխող մեքենաները. «Լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ։ Մենք այդ լրագրողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- հավելեց Աննա Նաղդալյանը։

Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ հրետանու և ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, նաև լրագրողներին թիրախավորումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, հետևաբար՝ նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել