Նիկոլ Փաշինյանը իր ջայլամային քաղաքականությունն ու գավառական խորամանկությունը փաթեթավորել է «ինքնիշխանություն» անվամբ ու փորձում է կրկին վաճառել ժողովրդի վրա: Իշխանության քարոզչական գործիքներն ու հակառուսական գործիչները լծված են «ինքնիշխանությամբ» հասարակությանը ոգևորելու գործին և համատարած հակառուսական տրամադրություններ հրահրելուն:
Բայց, հրահանգը կատարելու ցայտնոտում մոռացել են , որ հայը ռուսատյաց չէ, որ մեր ժողովուրդը հազարավոր կապերով է կապված բարեկամ ռուսի հետ: Սա մեկ, և երկրորդ՝ այլևս չեն կարող ժողովրդին խաբելով իրենց նպատակները կյանքի կոչել, ինչպես 2018-ին: Եվ վերջապես, իրական ինքնիշխանությունը, պետության միանգամայն այլ կարգավիճակ է:
Ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից մեկը, դաշնակից, գործընկեր պետությունների հետ փոխշահավետ գործակցությունն է, վստահության և փոխգործակցության վրա հիմնված արտաքին քաղաքականությունն է:
Այս ռազմաքաղաքական իրավիճակում, մենք պետք է դրսևորենք ողնաշարով պետության քաղաքականություն և օրակարգ բերենք ռազմավարական-դաշնակից ՌԴ-ի հետ, կայուն հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը: Մեր պետական շահից է բխում, որպեսզի թույլ չտանք թուրքա-ադրբեջանական լոբբինգի սեպը մեր երկու երկրների հարաբերությունները խաթարի և հակառակը՝ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, մեր պետության շահը անտեսվի:
Հակառակ դեպքում, մեր Բանակը պետք է կանխի ոչ միայն ագրեսոր ադրբեջանի քայլերը, այլև ռեսուրսներ կենտրոնացնի թուրքիայի ռազմական սադրանքները չեզոքացնելու վրա: Ակնհայտ է, որ թուրքիան ամեն ինչ անում է ռազմական խաղի մեջ մտննելու և տարածաշրջանում դիրք զբաղեցնելու համար: Ցեղասպան թուրքը, միայն վերջին օրերին, արդեն հազարավոր վարձկան ահաբեկիչներ է բերել ադրբեջան՝ Իդլիբից և Աֆրինից: Էլ չեմ ասում, նախիջևանյան հատվածում թուրքական ռազմական գերակայության մասին: Ամեն գնով, թե դիվանագիտական, թե ռազմական, տանդեմը հրահրում է բախումներ, ուզում է հասնել պատերազմի:
Մեր անվտանգության գլխավոր և կայուն հենասյունը մեր Բանակն է, մեր Ազգի 30 ամյա նվիրումի արդյունքը: Բանակն ունի նաև դիվանագիտական թիկունք, դա նույնպես ամուր պահել էր պետք, և դա պետք է աներ վարչապետի աթոռը զբաղեցրածը, բայց նա գնաց միանգամայն այլ ուղղությամբ՝ իր «նոր կետով» և իշխանական քարոզիչների միջոցով հակառուսական տրամադրություններ արթնացնելու ճանապարհով:
Այս ամենի մեջ, բնականաբար, ինքնիշխանության գաղափար չկա: Ընդամենը՝ հիմա էլ այդ լոզունգով են մոլորեցնում ժողովրդին, կրքեր լարում Ռուսատանի դեմ, որպեսզի սպասարկեն սորոսական, ապազգային ուժերի շահերը: Նույն ձեռագրով, նույն տեխնոլոգիաներով, ինչպես «թալանչի», «դավաճան», «մարդասպան» լոզունգներով կրքեր բորբոքեցին՝ մարդկանց օգտագործեցին և զավթեցին իշխանությունը:
Հիամ նորից, նույն խաղն են խաղում ժողովրդի գլխին: Մինչդեռ, ներկա իրողությունը և իրավիճակը պահանջում է՝ առողջ և կայուն հարաբերություններ արտաքին ճակատում: Հակառակ դեպքում, չի բացառվում, նաև թուրքական ագրեսիա՝ ծավալապաշտական հիվանդագին նկրտումներով:
Ի դեպ, այս զարգացումներին զուգընթաց, ՌԴ-ն արդեն 102-րդ ռազմաբազայի շրջանակում զորավարժություններ է անցկացնում, որում ներգրավված են նաև հայկական զորամիավորումները: Մենք, որպես պետություն պետք է մեր կայուն տեղն ունենանք այս գործընթացներում, փաստենք մեր ամուր դիրքերը և սա դիտարկենք, որպես անվտանգության ամրապնդման քայլ: Սա է իրական ինքնիշխանությունն ու պետական մտածողությունը:
Եվ առհասարակ, պետականակենտրոն քաղաքականությունը ենթադրում է ռազմավարական դաշնակից-գործընկեր պետության հետ, բարձր մակարդակի հարաբերություններ:
Հ.Գ. Քիչ առաջ էլ տեսանք, գավառական խորամանկության մի այլ դրսևորում. Ազգ-ԲԱՆԱԿ ծաղրող Անվտանգության խորհրդի քարտուղարը, մեր Փառապանծ Բանակի հաղթանակը իրեն ու մյուս իշխանավորներին է վերագրոմ: Ավելին, անցել է իր փորձագետի հին գործին: Վերլուծում է վերջին օրերի ռազմական գործողությունները և եզրահանգում, որ ադրբեջանի ագրեսիայի պատճառը նավթի գների անկումն էր: Փաստորեն, թուրքա-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգ տարածաշրջանում, ադրբեջանի ագրեսիվ և զավթողական քաղաքականություն, ադրբեջանի և թուրքիայի կողմից տարածաշրջանում իրավիճակ ապակայունացնելու միտում, վարձկանների միջոցով մեր պետական սահմանների նկատմամբ ագրեսիա, ահաբեկիչների տեղակայում ադրբեջանում չկա հա: Ամբողջ հարցը, նավթի գների անկու՞մն էր, շարժառիթներն էլ բացառապես տնտեսակա՞ն էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել