Երեկ Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց "Արևելյան գործընկերությունը 2020թ. հունիսի գագաթաժողովի նախաշեմին" վերնագրով բանաձևը, որում անդրադարձ կա նաև Արցախյան հակամարտությանը:

Արցախյան հակամարտությանն առնչվող Եվրամիության ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ պատկերացում կազմելու համար արժե բանաձևը դիտարկել նախորդ նման բանաձևի հետ համեմատության մեջ՝ 2017թ. ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ ընդունվել է նմանատիպ բանաձև"Արևելյան գործընկերություն. 2017թ. նոյեմբերի գագաթաժողով" վերնագրով:

  • Առաջին իսկ հայացքից ակնհայտ է Եվրախորհրդարանի բանաձևում տարածքային ամբողջականությանը տրվող հատուկ դերի ընդգծումը: Օրինակի համար նշեմ, որ Արցախյան հակամարտությանը 2020թ. բանաձևում անդրադարձ է կատարվում "Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականություն և կոնֆլիկտների կարգավորում" ենթավերնագրի ներքո: 2017-ին՝ "Արևելյան գործընկերության ապագան" ենթավերնագրի ներքո էր:
  • Արցախյան հակամարտության վերաբերյալ կետում ձևակերպումները բավական չեզոք են, բայց կան տարբերություններ:

2020-ի բանաձևում նշվում է, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին՝ նկատի ունենալով այնպիսի կարգավորում, որը հենված կլինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա":
2017-ին նշվում էր, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումն ու ուժի չկիրառումը":
Մի կողմից, 2009-ի սկզբունքներն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը ներառում են տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքները, բայց մյուս կողմից այս վերաձևակերպման արդյունքում ինքնորոշման եզրույթն ուղղակի հիշատակմամբ դուրս է եկել փաստաթղթից, մնալով միայն հղումների տեսքով՝ հակառակ տարածքային ամբողջականության եզրույթի էլ ավելի շեշտադրման:

  • 2020թ բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանը "քաջալերում է բոլոր կողմերին ինտենսիվացնել երկխոսությունը և զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, որը հարվածի տակ է դնելու կարգավորման ցանկացած հեռանկար":
    2017-ի բանաձևում հատուկ ընդգծվում էր, որ հակամատությունը չունի ռազմական լուծում, ընդգծում էր հրադադարի պահպանման անհրաժեշտությունն ու կոչ կար զերծ մնալ սահմանային միջադեպերից:
    Հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող սպառնալիքներն ու միջազգային հանրությանը մատուցվող այն թեզը, թե Ադրբեջանի իրավունքն է զենքի ուժով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ հակամարտության ռազմական լուծում չունանալու ընդգծումը շատ կարևոր կլիներ այս փաստաթղթում:
  • Ի տարբերություն 2017-ի, որում նշվում էին հստակ Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտության կողմեր, այս տարվա բանաձևում նշվում է "հակամարտության բոլոր կողմերը": Սա կարող է մեզ համար ինչպես դրական, այնպես էլ ռիսկային ձևակերպում լինել՝ ելնելով հետագա զարգացումներից (հաշվի առնելով, թե ինչ մեծ տեմպերով է Ադրբեջանն ակտիվացնում այսպես կոչված "ԼՂ ադրբեջանական համայնքը"):
  • 2017-ի բանաձևում կոնֆլիկտի համատեքստում հղում էր կատարվում կողմերից յուրաքանչյուրի հետ Եվրամիության նոր համաձայնագրերին, որոնք պետք է վավերացվեն: Խոսքը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին է (CEPA) և դեռ բանակցվող Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ կետը բավական բալանսավորված է, սակայն ունի մեզ համար կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիշատակումը: Հայաստանը մշտապես աշխատել է Եվրամիության հետ՝ թույլ չտալու Ադրբեջանի հետ համաձայնագրում այլ ձևակերպում: Մինչդեռ Բաքուն ակտիվ ջանքեր է գործադրում իր փաստաթղթում իր համար շահեկան ձևակերպում ստանալու ուղղությամբ:
2020-ի բանաձևում այդ կետի բացակայությունը չի կարող մեզ համար դրական մեկնաբանվել այս ամենի համատեքստում, առավել ևս, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը դեռ հրապարակված չէ:

Ընդհանուր փաստաթղթի վերլուծությանն ու համեմատությանը եվրոպական ուղղության այլ փաստաթղթերի հետ կանդրադառնամ ավելի ուշ: Սակայն այս երկու բանաձևերի միայն Արցախյան հակամարտության դրույթների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախյան հակամարտությանն անդրադարձող կետը զգալիորեն կրճատվել է և մեզ համար կարևոր դետալներ պակասել են:

Այո, սա շատ ավելի չեզոք ձևակերպումներով փաստաթուղթ է՝ համեմատած նախորդ շաբաթ տարածված Եվրախորհրդարանականների համատեղ հայտարարության և որոշ չափով հետ վերադարձրեց իրավիճակը բալանսավորված կետի: Սակայն բալանսը ոչ թե ի շահ մեզ է, այլ դեպի չեզոքություն՝ մեզ համար կարևոր ձևակերպումների նվազմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել