Հակիրճ երեկ ընդունված Եվրախորհրդարանի բանաձևի մասին


09:37 , 20 հունիս, 2020

Երեկ Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց "Արևելյան գործընկերությունը 2020թ. հունիսի գագաթաժողովի նախաշեմին" վերնագրով բանաձևը, որում անդրադարձ կա նաև Արցախյան հակամարտությանը:

Արցախյան հակամարտությանն առնչվող Եվրամիության ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ պատկերացում կազմելու համար արժե բանաձևը դիտարկել նախորդ նման բանաձևի հետ համեմատության մեջ՝ 2017թ. ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ ընդունվել է նմանատիպ բանաձև"Արևելյան գործընկերություն. 2017թ. նոյեմբերի գագաթաժողով" վերնագրով:

2020-ի բանաձևում նշվում է, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին՝ նկատի ունենալով այնպիսի կարգավորում, որը հենված կլինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա":
2017-ին նշվում էր, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումն ու ուժի չկիրառումը":
Մի կողմից, 2009-ի սկզբունքներն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը ներառում են տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքները, բայց մյուս կողմից այս վերաձևակերպման արդյունքում ինքնորոշման եզրույթն ուղղակի հիշատակմամբ դուրս է եկել փաստաթղթից, մնալով միայն հղումների տեսքով՝ հակառակ տարածքային ամբողջականության եզրույթի էլ ավելի շեշտադրման:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ կետը բավական բալանսավորված է, սակայն ունի մեզ համար կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիշատակումը: Հայաստանը մշտապես աշխատել է Եվրամիության հետ՝ թույլ չտալու Ադրբեջանի հետ համաձայնագրում այլ ձևակերպում: Մինչդեռ Բաքուն ակտիվ ջանքեր է գործադրում իր փաստաթղթում իր համար շահեկան ձևակերպում ստանալու ուղղությամբ:
2020-ի բանաձևում այդ կետի բացակայությունը չի կարող մեզ համար դրական մեկնաբանվել այս ամենի համատեքստում, առավել ևս, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը դեռ հրապարակված չէ:

Ընդհանուր փաստաթղթի վերլուծությանն ու համեմատությանը եվրոպական ուղղության այլ փաստաթղթերի հետ կանդրադառնամ ավելի ուշ: Սակայն այս երկու բանաձևերի միայն Արցախյան հակամարտության դրույթների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախյան հակամարտությանն անդրադարձող կետը զգալիորեն կրճատվել է և մեզ համար կարևոր դետալներ պակասել են:

Այո, սա շատ ավելի չեզոք ձևակերպումներով փաստաթուղթ է՝ համեմատած նախորդ շաբաթ տարածված Եվրախորհրդարանականների համատեղ հայտարարության և որոշ չափով հետ վերադարձրեց իրավիճակը բալանսավորված կետի: Սակայն բալանսը ոչ թե ի շահ մեզ է, այլ դեպի չեզոքություն՝ մեզ համար կարևոր ձևակերպումների նվազմամբ: