Հիշեցնենք, որ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի շարք խնդիրներ է վերհանել կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում: Այդ մասին Թեհմինա Ղալեչյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նիկողոսյանի գրառումը՝ ստորև․
«Ի պատասխան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակի բարձրացրած հարցերի.
1) Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով:
2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և ըստ չափորոշիչների նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Մահճակալային ֆոնդի, մասնավորապես ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում, ընդգրկվում են նոր բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մասնագիտական ներուժի համալրման ուղղությամբ։ Այսպես, առաջիկայում նախատեսվում է մասնագիտական թիմերի, այդ թվում ռեանիմատոլոգների, ժամանում հանրապետություն, ովքեր մեր մասնագետների հետ համատեղ աշխատելու են COVID-19 պացիենտների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում։
3) Կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի (օրինակ, կարող է վկայել զարգացող համակարգային հիպերբորբոքման մասին) և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, COVID-19 կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում COVID-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:
Անտիբիոտիկաթերապիայի հետ կապված հայտնում եմ, որ առողջապահության նախարարի 11.06.2020թ. N 1856–Ա հրամանով հաստատվել է «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցը, որն ուղարկվել է ԱԱՊ հաստատություններին, ինչպես նաև տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում (հղումը՝ http://moh.am/images/legal-553.pdf)
Հ.Գ
Առողջապահության նախարարությունը կոչ է անում, մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել