2025 թվականի բյուջեում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի ֆինանսական հատվածն արտահայտված չէ, ելնելով այն հանգամանքից, որ համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական և բացի դրանից նաև սկսելու ժամկետի մասով որոշակի վերապահումներ կան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս ռեֆորմը շատ ծավալուն է, բարդ է և շատ մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավված լինելու ռեֆորմի ներդրման համար, և մենք հասկանում ենք, որ լրացուցիչ աշխատանքները դեռ ամփոփման փուլում են: Այս մասով պետք է ասեմ, որ հստակ է քաղաքական խոստումը և մոտեցումը, որ մեր երկիրը պիտի գնա ապահովագրական համակարգի, որպեսզի հասցեագրի մեր ժողովրդի առողջական խնդիրները, ապահովի հասանելիությունը ծառայությունների, բերի ծախսված միջոցների ավելի էֆեկտիվության:
Եթե չունենք ամբողջական ցիկլ ծառայությունների մատուցման, այլ ունենք հատվածական որոշակի պետական ծրագրեր, չենք կարող խոսել ընդհանուր էֆեկտիվության մասին: Քանի որ Հայաստանում, ուրեմն, կապիտալ ներդրումները մարդու կրթության և առողջության մասով առաջնահերթ են, մենք հետևողական շարունակելու ենք մեր աշխատանքը, որպեսզի համակարգը ներդրվի»,-ասաց նա:
Ավանեսյանը հավելեց, որ կոնցեպտի եւ մոտեցումների առումով կա փոխըմբռնում, սակայն հնարավոր ռիսկերին հասցեագրման հետ կապված կան դեռ հարցեր, որոնք հիմա աշխատանքային կարգով քննարկվում են, նաեւ քննարկվում են սցենարները:
«Պետք չի պատկերացնել, որ ապահովագրության ներդրումը ինչ-որ մի կետ է, որ մինչև այդ ոչինչ չի արվում, ինչ-որ մի կետից է ներդրվում: Մենք մի քիչ մոտեցումը փոխել ենք: Մենք ապահովագրության կտորները պետական պատվերի շրջանակներում մաս-մաս ներդնելով գնում ենք բարեփոխման։ Մեր կողմից արդեն հիմնադրամի ձևավորման նախագիծը շրջանառվում է, օրենսդրական փաթեթը նաև ԱԺ-ի կողմից որոշակի առաջարկություններով վերադարձվել է և կոնցեպտուալ ընդունվել է, բայց իհարկե պատկերացնում ենք, որ երբ գնա ԱԺ, այնտեղ էլ որոշակի քննարկումներ կլինեն: Հիմա հետևողականորեն մաս-մաս առաջ ենք գնում՝ չսպասելով ամբողջական օրենքի ընդունմանը»,- հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
Հարցին՝ ե՞րբ է կիրառման մեջ դրվելու ապահովագրությունը, նա պատասխանեց. «Ժամանակացույցը օրենքի նախագծի մեջ դրված է: Որպեսզի ակնկալիքներն էլ ճիշտ լինեն, դա կլինի օրենքի ընդունումից հետո որոշակի ժամանակ հետո ուժի մեջ մտնելու պայմանով: Այսինքն ընդունումից հետո 6 ամիս հետո կսկսվի առաջին փուլը»: