ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն՝ ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխանիզմներից է նաև Կրոնական ազատության ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:
Ինչու եմ կարծում, որ Ալիանսը հակաչինական է.
Եկող հայտարարություններից արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալիանսի թիրախում: Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են. «Ղազախստանում ես հանդիպեցի Չինական կոմունիստական կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ. «Մենք դատապարտում ենք Չինաստանի կոմունիստական կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալիանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:
2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում «Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով: Ըստ հաղորդագրության՝ «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները,
բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ույգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքներ և
2017թ. ի վեր ճամբարներում արդեն իսկ կա շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին
Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:
Արդեն իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալիանսին միանալու համար:
Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալիանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:
Եվ դեսերտը՝ Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական ազատությունը ալիանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին, և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն
քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»: