Ինչպես բոլորիս հայտնի է՝ մայիսի 4-ին պարետատան համապատասխան որոշմամբ՝ հանվեցին գրեթե բոլոր սահմանափակումները, և իշխանությունները փորձեցին ձեռնամուխ լինել, իրենց բառերով ասած, «կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն պայքարին»։ Սա այլ բառերով կարող ենք բնութագրել հետևյալ կերպ․ իշխանությունները հասկանում էին, որ կորցրել են համավարակի վերահսկման ղեկը, և եթե անգամ սահմանափակումը պահվեր, միևնույն է՝ չէին կարողանալու պատշաճ վերահսկում կազմակերպել, դրանով իսկ պայմանավորված՝ գնացին այդ՝ ոչ մի հիմնավորում ու բացատրություն չունեցող քայլին։
Ինձ մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու սահմանափակումների թուլացումից միայն երկու շաբաթ անց դրվեց դիմակների պարտադիր կրման պահանջը։ Եթե իշխանություններն ի սկզբանե համարում էին որ դիմակները խիստ անհրաժեշտ են (և դա այդպես է), ապա ինչո՞ւ հենց մայիսի 4-ից դա չդարձրեցին խիստ նորմ։ Ողջ իրավիճակը ցույց տվեց, որ իշխանության կորցրած երկու շաբաթը թանկ գին ունեցավ՝ մարդկային կյանքեր, խեղված ճակատագրերի։