Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 2059 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Հիվանդացածների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ աճել է 63%-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 48%-ով:
Հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ը հիվանդացության 112%-ով աճ է գրանցվել Արևելամիջերկրածովյան տարածաշրջանում: Հիվանդացության ցուցանիշն աճել է նաև Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+ 88%) և Եվրոպայում (+ 12%): Միևնույն ժամանակ Աֆրիկայում գրանցվել է հիվանդացության 84 %-ով նվազում։
Չորս շաբաթվա ընթացքում մահացության աճ է գրանցվել միայն Արևելամիջերկրածովյան տարածաշրջանում՝ 70%-ով։
Ամենից շատ հիվանդներ հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 1 286 028, որին հաջորդում են Ավստրալիան (22 836), Մեծ Բրիտանիան (21 866), Իտալիան (19 777) և Սինգապուրը (18 125): Հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահերը գրանցվել են Կորեայի Հանրապետությունում՝ 328, որին հաջորդում են Ռուսաստանը (166), Իտալիան (165), Ավստրալիան (148) և Ֆիլիպինները (136):
Քովիդի պատճառով արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ ԱՀԿ-ի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի տվյալներով՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 769 806 130 դեպք, մահացել է 6 955 497 մարդ։