Սիրելի դավադրապաշտներ,
Սիրելի խելահեղգաղափարներամոլներ,

Որևէ պետության կառավարության, որևէ իշխանության ձեռնտու չեն համաճարակի վարակակիրների, հիվանդների ու մահացածների բարձր` մեծաքանակ թվերը: Դրանք արտահայտում են վատ կառավարում և հղի են իշխանության կորստով: Հետևաբար որևէ կառավարություն աշխարհում չի ուռճացնում թվերը: Ընդհակառակը, հայտնի են երկրներ, որտեղ թվերը կառավարությունը կա՛մ նվազ է ներկայացնում, կա՛մ սահմանափակում թեստավորումները, որպեսզի անվստահությունը չմեծանա իր հանդեպ:

Թեզերը, թե ինչ-որ վերպետական կառույց կամ տիեզերական ուժ գումարներ է տալիս բարձր թվերի համար, կամ որ թվերն ուռճացվում են, հիմարություն է: Ոչ միայն պարզ հիմարություն, այլև ինտելեկտ վիրավորող հակատրամաբանականություն: Որևէ մեկը փող չի տալիս և չի կարող ունենալ որևէ պատճառ` տալու, որպեսզի թվերը շատ լինեն: Աշխարհում կամ անգամ տիեզերքում չկան ուժեր, որոնք միլիարդներ կթափեն անհեթեթ և անթիրախ նպատակների վրա:

Ամենատարբեր քննությունների արդյունքում հաստատվել է նաև, որ սուտ և կեղծ են տվյալներն այն մասին, թե իբր բազում մահացածների հարազատների գումար են առաջարկել` Covid-19 գրելու համար որպես մահվան պատճառ: ԱՀԿ-ն դրա համար գումար չի տալիս, որևէ մեկն ընդհանրապես չի տալիս և շահ չունի տալու: Բացի այդ` մահվան պատճառ գրելիս որևէ երկրում բժիշկը հարազատի հետ չի խորհրդակցում մասնագիտական այդ հարցում և թույլտվություն առավել ևս չի հարցնում: Իրենց հերթին` ապահովագրական ընկերությունները հիմար չեն, բարեգործական հիմնադրամ էլ չեն և դրամի տպագրական մեքենա չունեն, իսկ առանց թեստի մահացածներին ախտորոշելն այլևս աշխարհում ամենուր բավական ստանդարտ գործընթաց է: Ախտանիշներն արդեն բավական լավ հայտնի են և դժվար չէ մասնագետներին թեկուզ հետմահու ախտորոշում դնելը: Այդպիսի դեպքերի, օրինակ ինչպես հայտնի երգչուհու պարագայում էր, Հայաստանում էլ ենք ականատես լինում, և դա ընդունելի է:

Կորոնավիրուսից, առանձին վերցված, ոչ ոք չի մահանում: Մահանում են կա՛մ ուղեկցող հիվանդություններից` կորոնավիրուսի առկայության պայմաններում օրգանիզմի արագ հյուծումից, կա՛մ իմունային ուժեղ, անհամաչափ և գերակտիվ ռեակցիայից, կամ էլ ցածր իմունիտետից: Կան գիտական նոր տվյալներ, որ շատ երիտասարդներ մահանում են այլևս նոր ախտանշանից` արյան թրոմբներից, որոնք առաջանում են այլ ախտանշանների առաջացումից առաջ և կարող են մեկ-երկու օրում գերեզման տանել ամենաառողջին անգամ: Մահանում են և երեխաները, որոնց մոտ բորբոքային նոր ռեակցիա է հիմա արձանագրվում` Կավասակիի ախտանիշի նմանությամբ:

Ինչ վերաբերում է առավել տուժած երկրներին ցուցաբերվող տարբեր աջակցություններին, ապա դա անում են հիմնականում երկու տերություններ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը: Եվ հակառակ տգիտաբան-տեսաբանների` ոչ թե նայելով առանձին երկրներում հիվանդների կամ մահերի քանակին, այլ ելնելով միայն ու միայն տնտեսական ցուցանիշներից: Իսկ այդ օգնությունը երկու հիմնական դրդապատճառ ունի.

1. Պահպանել և փրկել սեփական տնտեսությունների սպառման շուկաները և ընդհանուր միջազգային տնտեսական ցանցերը և-կամ,

2. Մեծացնել սեփական ազդեցությունը շահառու երկրներում կամ դրանց կառավարությունների վրա: Փափուկ մեթոդներով բարեկամություն շահելու և ազդեցություն ունենալու լավագույն միջոցը միջազգային քաղաքականության մեջ տնտեսական աջակցությունն է: Այդպես Չինաստանն առանց մի փամփուշտի վերջին տասնամյակում արժանացավ ողջ Աֆրիկյան մայրցամաքի հյուրընկալ և անվերապահ ընդունելությանը տնտեսության գրեթե բոլոր ճյուղեր և նաև, թերևս, քաղաքականություն:

Սթափվենք և փորձենք զերծ մնալ հերթական տգիտաբանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել