Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ, այսպես ասած, «պատմության երկրորդ կողմը»։
Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը, որտեղ բուժում է ստացել պացիենտը։
Պարոն Բաբաջանյանը և իր կինը մայիսի 14-ին ընդունվել են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Բաբաջանյանն ընդունվել է բարձր ջերմությունով՝ 38.5C˚:
Ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը, և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն-հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում:
Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն-հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումն ընթացել է հարթ:
Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են․ ինչպես բոլոր պացիենտները, նրանք նույնպես ստացել են համապատասխան բուժում և բուժօգնություն: Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում, և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, ինչը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները:
Ավելին՝ Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր՝ կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։
Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը՝ մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։
Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում: