168.am-ը գրում է․
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր «Աստղիկ» ԲԿ-ում բուժաշխատողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների՝ կորոնավիրուսի պայմաններում պարբերաբար թեստավորման մասին:
Երեկ էլ թեստավորման արդյունքում դրական պատասխան ստացած բուժաշխատողների և բուժում ստացող քաղաքացիների թվի մասին լիարժեք տեղեկություն ստանալու ակնկալիքով հարցում էինք ուղարկել «Աստղիկ» ԲԿ:
Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ, ինչպես գիտեք, Աստղիկ ԲԿ-ում իրականացվող կորոնավիրուսի թեստավորումը պետական ծրագրի մաս է, և բոլոր արդյունքները ներբեռնվում են ՀՀ ԱՆ կողմից վերահսկվող ընդհանուր բազա՝ ARMED ծրագրի միջոցով:
Ցանկացած հավելյալ ինֆորմացիա արդեն կարող եք ստանալ ԱՆ համապատասխան բաժնի կողմից:
Մենք կարող ենք նշել, որ, ինչպես արդեն իսկ ասել էինք նախապես, Աստղիկ ԲԿ-ում կիրառվում են բոլոր միջոցառումները ներհիվանդանոցային վարակների կանխման համար, մասնավորապես՝
- այցելուների ջերմաչափում և հակավիրուսային մշակում մուտքերի մոտ
- պացիենտների թոքերի սքրինինգային ԿՏ հետազոտություն
- ստացիոնար բուժում ստացող պացիենտների՝ կորոնավիրուսի հետազոտում PCR եղանակով:
- բուժանձնակազմի՝ կորոնավիրուսի պարբերաբար հետազոտում PCR եղանակով, և թոքերի սքրինինգային ԿՏ հետազոտություն
- ջերմող և կասկածելի անամնեզով անձանց սպասարկում հիվանդանոցի առանձին մասնաշենքում, որը հատուկ կահավորվել և համալրվել է անհրաժեշտ տեխնիկայով՝ որպես մեկուսարան:
Այդ միջոցառումների շնորհիվ մեզ մոտ հայտնաբերվել են հատուկենտ դեպքեր, որոնք էլ ըստ սահմանված կարգի ուղղորդվել են համապատասխան բուժհիմնարկ»:
Հ.Գ. Փաստենք, որ բժշկական կենտրոնին մեր հղած ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ չեն տրվել: