Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերը, թեպետ նախորդ ծրագրերից արդեն պարզ էր, որ դրանք չեն մեղմում սոցիալական հետևանքները, ուր մնաց՝ չեզոքացնեն։ Իսկ կորոնավիրուսի ամենածանր հետևանքը լինելու է համաշխարհային տնտեսության անկումն ընդհանրապես ու մերը՝ մասնավորապես։ Մարդիկ կորցնում են աշխատանքը, եկամուտները, եթե անգամ բանկերը վարկային արձակուրդ են տվել մի որոշ ժամանակով, ապա դա չի ազատում վարկային պարտավորություններից, ու եթե մարդը աշխատանք է կորցրել, կամ մասնավոր սեկտորում գործատուները աշխատակիցների աշխատավարձերն արդեն կրճատել են 30-50 տոկոսով, բանկերը վարկերի մայր գումարներն ու տոկոսադրույքները չեն պակասեցրել, կոմունալ վճարները չեն պակասել։ Իսկ պետության կողմից տրված օգնությունները հացի չի բավականացնի, ուր մնաց, թե սոցիալական խնդիր լուծի։
Փաստորեն, երաշխավորված աշխատանք ու նորմալ աշխատավարձ կարող ես ունենալ միայն պետական սեկտորում։ Ու սա է պատճառը, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ պետբյուջեից վճարվող աշխատավարձերը ստանան իրենց թիմակիցները, ծանոթ-բարեկամները, համակիրները։ Իսկ հանրային ծառայողների թափուր տեղերի մրցույթները կրում են սոսկ ձևական բնութ, մրցակցության իմիտացիա, որպեսզի արտաքուստ ամեն ինչ օրինական երևա։ Բանավոր հարցազրույցի փուլում անցնում է իրենց թեկնածուն, ինչպիսի մրցակից էլ նա ունենա։ Իսկ ավելի հաճախ իրենց ցանկալի կադրին նշանակում են պաշտոնակատար ու նոր միայն կազմակերպում մրցույթ։ Իսկ անցանկալի կադրերից ազատվելն արդեն դարձել է տեխնիկայի գործ, նրանք հին են, հակահեղափոխական, ու եթե այլ պիտակ կպցնել չստացվի, Սերժի մնացուկ լինելը կա ու կա։
Երբ վարչապետը խումբ առ խումբ ներկայացնում էր հեղափոխությունից հիասթափվածների ցանկը, պարզ էր, որ դրանք պետբյուջեից օգտվողները չեն, ավելին՝ նրանք բյուջեի մուտքային մասն ապահովողների ցանկում են, իսկ բյուջեի ծախսային մասից առոք-փառոք օգտվողները հեղափոխությունից հիացածներն են։
Սկզբնական շրջանում վարչապետը խոսում էր, թե պետական աշխատանքի շատերը հրաժարվում են աշխատել, գերադասում են մասնավոր սեկտորը, որտեղ աշխատավարձերն ու եկամուտներն ավելի բարձր են։ Բայց հիմա մասնավոր սեկտորը փլուզման եզրին է, ու բարձր աշխատավարձի ու եկամուտների մասին խոսելն այլևս անիմաստ է տևական ժամանակ, առավել ևս, որ այդ աշխատատեղերն անգամ երաշխավորված չեն տեսանելի ապագայի համար։
Եթե համաշխարհային տնտեսությունը ռեցեսիոն փուլի մեջ է, ամեն քայլափոխի ֆինանսական ու տնտեսական մի ամբողջ համակարգեր կարող են ուղղակի փլուզվել, մտածել, որ հայ գործարարները, մեծահարուստները ցանկություն կունենան դրսում ներդրումներ անելու, ֆանտաստիկայի ժանրից է։ Ինչ էլ լինի, բայց մեր երկրում ներդրումներն ավելի կանխատեսելի կարող են լինել այս անկանխատեսելի աշխարհում մեր գործարարների համար։ Այսինքն՝ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ կապիտալի արտահոսք չլինի։ Հիմա ոչ թե միայն պետք է բարենպաստ ներդրումային միջավայր ապահովվի, այլ, բառիս բուն իմաստով, ներդրողներին «Էստի համացեք» արվի։ Իսկ դրա փոխարեն ի՞նչ ենք տեսնում․ ճնշումներ գործարարների նկատմամբ բոլոր օրինական ու անօրինական մեթոդներով, բանկային գաղտնիքի ու գույքի ապօրինի ձեռքբերման օրենքների մասին՝ էլ չասած։
ՌԴ մեր հայրենակիցների կողմից մասնավոր տրանսֆերների մասին կարող ենք մոռանալ՝ հաշվի առնելով ոչ միայն կորոնավիրուսի հասցրած վնասը մեր ռազմավարական դաշնակից երկրին, այլև Արևմուտքի սանկցիաները, որ այդպես էլ չեն վերանայվել, իսկ ամենալուրջը՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների շեշտակի անկումը։ Իսկ այդ տրանսֆերները բացառապես սոցիալական խնդիր էին լուծում։ Ավելին՝ արտագնա աշխատանքի մեկնողներից շատ-շատերը ոչ միայն չեն մեկնելու ՌԴ, այլև, մնալով այստեղ, աշխատանք չեն գտնելու։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նրանք հիմնականում աշխատում էին շինարարական ու սպասարկման ոլորտներում, մնալով Հայաստանում, աշխատանք չգտնելով՝ կա՛մ համալրելու են չքավորերի շարքերը, կա՛մ համաձայնելու են ամենացածր աշխատավարձով ու եկամտով աշխատանքի՝ դրանով իսկ մրցակցությունից դուրս մղելով որակյալ տեղական աշխատուժը։
Ինչքան հեշտ է այն վարչապետի գործը, որ տնտեսությունից բան չի հասկանում, բայց իրեն ամենագետ է զգում, բոլորին ցուցումներ տալիս։ Նրա ինչի՞ն է պետք հասկանալ, որ պետության սուղ միջոցներով այս կամ այն ծրագրի շրջանակներում գումար տալը ոչ մի հարց էլ չի լուծելու։ Փաշինյանը չի հասկանում, թե որտեղ է հարկավոր ներդրում անել կամ խրախուսել ներդրումները, որպեսզի մուլտիպլիկատիվ էֆեկտով ճգնաժամից դուրս քաշի ողջ տնտեսությունը։ Ու նաև ինչո՞ւ չի կարելի թիրախավորված հարվածել որևէ աշխատող օղակի, քանի որ դա կարող է շղթայաձև վնաս հասցնել ողջ տնտեսությանը։
Անգամ կարծիքներ են հնչում, որ կարելի է գործարարներին ու մեծահարուստներին առաջարկել ներդրում անել տնտեսության իրական հատվածում, աշխատատեղեր ստեղծել, ու դրանով անցյալի գիծը քաշենք նրանց հետ կապված ու առաջ անցնենք։ Բայց չէ, վարչապետին պետք է ցույց տալ, որ ինքը հարկային վարչարարությամբ ու իրավապահ համակարգի ջանքերով նախկիններից գումար է գանձում, որպեսզի արդարացնի, որ իրենք են տանջվել, գումարը բռնագանձել, իրենք էլ դրանից պարգևավճարներ են ստանում։ Փաշինյանի ինչի՞ն է պետք, որ իրենց հասանելիք գումարով գործարարը ներդրում անի, իրենց տեսանկյունից փողը «քամուն տա»։ Այս պարզունակ հնարքները ներդրումային միջավայրն ապականել էին դեռ մինչև կորոնավիրուսը, իսկ հիմա արդեն նախաճգնաժամային փուլում այս քայլերով կարելի է ուղղակի փլուզել մեր տնտեսությունն ամբողջությամբ։