Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հաջողությամբ հարված է հասցրել Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական թիրախին: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Դեկտեմբերի 25-ի առավոտյան «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հայտնել է, որ Իսրայելի կենտրոնում, այդ թվում՝ Ռամլայում, գործել են օդային տագնապի ազդանշաններ Եմենից արձակված հրթիռի պատճառով։ Իսրայելական բանակը հայտնել է, որ հրթիռը կալանվել է նախքան իսրայելական տարածք անցնելը, և շչակները միացել են բեկորների հնարավոր ընկնելու պատճառով:
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը… «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված են հասցրել օկուպացված Յաֆայում (Թել Ավիվի) իսրայելական հակառակորդի ռազմական թիրախին…. Գործողության նպատակներն իրագործվել են», – հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։Հութիների և Իսրայելի միջև լարվածությունը վերջին շաբաթներին հասել է նոր մակարդակի։
Հութիները գրեթե ամենօրյա ռեժիմով սկսել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել Իսրայել՝ սպառնալով համաչափ պատասխան տալ Եմենի ցանկացած ռմբակոծմանը: