Operativ.am-ը գրում է.
Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ համաժողովը ժամկետից շուտ լքել է Հունաստանի հետ միգրանտների հարցով վեճի պատճառով, հայտնում է Kathimerini-ն:
Հայտնի է, որ դաշինքի ԱԳ նախարարների բանակցությունների ժամանակ սկանդալ է ծագել մարտին երկու երկրների սահմանին միգրանտների զոհվելու պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն դրա համար մեղավոր է համարել Հունաստանին: Ի պատասխան նրա հույն գործընկեր Նիկոս Դենդիասը Անկարային մեղադրել է ՆԱՏՕ-ի արժեքները խաթարելու մեջ:
Չավուշօղլուն, վերջին հաշվով, համաժողովից հեռացել է ժամանակից շուտ՝ չսպասելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին: Հույն նախարարի կարծիքով՝ Թուրքիան այս կերպ փորձում է միգրանտների հետ կապված իրավիճակն օգտագործել քաղաքական նպատակներով:
Հունաստանի իշխանություններն ավելի վաղ որոշել էին մարտի 1-ից հետո Թուրքիայից ժամանած միգրանտներին վտարել: Այնտեղ պարզաբանել էին, որ մարտին ժամանած փախստականների հանդեպ այլ վերաբերմունք է լինելու, քան ավելի վաղ եկածների հանդեպ: Նրանք մասնավորապես չեն կարող ապաստան ստանալու հայտ ներկայացնել: Այսպիսի որոշում էր ընդունվել Արտաքին գործերի եւ պաշտպանության կառավարական խորհրդի որոշման հիման վրա:
Թուրքիան մարտի 5-ին ուղարկել էր հատուկ նշանակության ջոկատի մոտ 1000 մարտիկի, որ Հունսատանի սահմանին փախստականներին պաշտպանեն: Անկարայում հայտարարել էին, որ Աթենքը ցանկանում է ապօրինի միգրանտներին հետ ուղարկել թուրքական տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 29-ին հայտարարել էր, որ իր երկիրը Եվրամիության հետ սահմանները բացել է սիրիացի փախստականների համար եւ արդեն իր դռները չի փակի: Դրանից հետո Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Թուրքիան իր սահմաններով Եվրոպա է բաց թողել ավելի քան 100 հազար փախստականների, որոնք Եկել էին երկրի հյուսիս-արեւմուտքում Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգ: