Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը մարտի 10-ից 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները արգելելու, ինչպես նաև տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը փակելու որոշում է կայացրել: Այդ մասին մարտի 10-ին անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ հայտնում է RIA Novosti-ն:

«Ուշադրության առնելով Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության զարգացումը՝ մենք որոշում ենք ընդունել նոր արտակարգ միջոցառումների մասին: Մարտի 10-ին ժամը 18:00-ից արգելված են բոլոր կինո-, թատերական, երաժշտական, մարզական միջոցառումները, կրոնական արարողությունները և 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ այլ միջոցառումներ»,-ասել է Բաբիշը:

Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ արգելվում է տարրական ու միջնակարգ դպրոցների, տեխնիկական ուսումնարանների և բուհերի սովորողների հաճախումն իրենց ուսումնական հաստատություններ՝ նշելով, որ այդ որոշումը մանկապարտեզներին չի վերաբերում:

Վարչապետի խոսքով՝ կառավարության այս որոշումը, որն առայժմ անորոշ ժամանակով է ընդունվել, չի վերաբերում դատարանների, պետական հիմնարկությունների և խորհրդարանի աշխատանքին: Մարտի 10-ին ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտնել էր, որ Չեխիայում ներկա դրությամբ գրանցվել է COVID-19 վիրուսով 40 հիվանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել