Operativ.am-ը գրում է.
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոր քաղաքական կուսակցություն է հիմնադրել։ Բաբաջանը, որը 2002-2015 թթ․ ընթացքում զբաղեցրել է փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարաի եւ արտգործնախարարի պաշտոններ, պաշտոնապես իր կուսակցությունն է գրանցել Թուրքիայի ՆԳՆ-ում, հայտնում է Anadolu-ն։
Ավելի վաղ նման քայլի էր դիմել նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Երկու քաղաքական գործիչներն էլ, որոնք մի ժամանակ եղել են Էրդողանի մտերիմ դաշնակիցներից, քննադատության են ենթարկել նոր նախագահական համակարգը, որն ուժի մեջ է մտել 2018-ից։ Նրանք հանդես են գալիս խորհրդարանական համակարգը վերադարձնելու եւ Թուրքիայի դեմոկրատականացման օգտին։
Երկու կուսակցություններն էլ կարող են աջակցության բազա խլել Էրդողանից՝ սահմանափակելով 2023թ․ նրա վերընտրվելու հնարավորությունները։
Թուրքական Fox TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Բաբաջանը, որպես իր կուսակցության առավելություն, խոսել է ԶԼՄ-ների եւ դատարանների ազատությունը վերականգնելու մասին։
Բաբաջանն ասել է, թե երկար սպասված կուսակցության անունը չորեքշաբթի կհայտնի։ ԶԼՄ-ները հայտնում են, որ կուսակցությունը կկոչվի DEVA, որը նշանակում է «բուժում» կամ «դեղամիջոց»։
Բաբաջանը վայելում է երկրի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի եւ իշխող ԱԶԿ կուսակցության հետ կապերը խզած նախկին նախարարների աջակցությունը։