Operativ.am-ը գրում է․
Ամերիկյան զինվորականներն ուսումնասիրում են բոլոր հնարավոր սցենարները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ ներառյալ պանդեմիան: Ինչպես հայտարարել է Շտաբերի ղեկավարների միավորված հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարլ Միլին, ԱՄՆ-ի կառավարական զինվորական լաբորատորիաներն աշխատում են պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:
«Մեր ռազմական հետազոտական լաբորատորիաները քրտնաջան աշխատում են՝ փորձելու ստեղծել պատվաստանյութ»,-ասել է Միլին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ: «Տեսնենք՝ ինչ կստացվի առաջիկա ամիսներին»:
Ավելի վաղ ԱՄՆ-ը նշել էր կորոնավիրուսի կապակցությամբ Իսրայելի հետ համատեղ զինավարժությունների մասին, որոնցում ներգրավված էին Իտալիայում տեղակայված 173-րդ ռազմաօդային դեսանտային խմբի դեսանտայինները:
«Իսրայելի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում որոշում էր կայացվել չեղարկել զինավարժությունները նոր կորոնավիրուսի տարածման պատճառով»,-ասել է պաշտոնյան:
Միլին նաեւ հայտարարել է լրագրողներին, որ կորոնավիրուսի ընդհանուր ազդեցությունը ԱՄՆ զինված ուժերի վրա «չնչին» էր: Անցած շաբաթ Պենտագոնը չեղարկել էր Հարավային Կորեայի հետ համատեղ զինավարժությունները եւ ուղարկել շուրջ 70 բժշկական ու լաբորատոր աշխատակիցներ ամերիկյան զինծառայողներին աջակցելու եւ զինվորների շրջանում կորոնավիրուսը թեստավորելու համար:
ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար, ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել էր, որ նրանք հետեւում են վարակի ազդեցությանը եւ սպասում Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի ավելացում, ինչը կարող է հանգեցնել զորքերի տեղաշարժի սահմանափակմանը: Նա նաեւ նշել է, որ Իտալիայում սահմանափակումները կարող են երկարացվել:
Մերձավոր Արեւելքի երկրների գործողությունները նույնպես ազդում են ԱՄՆ զորքերի վրա: Ներկայում Իրաքում ԱՄՆ զինված ուժերի համալրումը կատարում է օդային տրանսպորտի միջոցով, քանի որ Իրաքի ու Քուվեյթի միջեւ ցամաքային սահմանի հատումը խիստ սահմանափակ է:
Ավելի քան 60 ամերիկյան զինծառայողներ, որոնք մեկնել էին Իսրայել զորավարժությունների համար, ուրբաթ սկսել էին վերադառնալ Եվրոպայում իրենց բազաներ Իսրայելի կառավարության խնդրանքով՝ չնայած նրանցից ոչ մեկը վարակված չէ: