Operativ.am-ը գրում է․
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական եւ Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաեւ հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին հայտնում են ՀՀ դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսեւորման եւ քվեի հստակ հետեւանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը:
«Այս իմաստով, վստահ եմ, հանդուրժողականություն չի դրսեւորվելու անգամ ամենափոքր հանցավոր իրավախախտման նկատմամբ»,-ասել է Արթուր Դավթյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին եւ դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ եւ գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող եւ այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանզիմները, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների եւ քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները: