Operativ.am-ը գրում է.
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ եւս մեկ պետական հեղաշրջման փորձի մասին լուրերն ուղղված են քաղաքական քաոսի մթնոլորտ ստեղծելուն, գրում է Hürriyet-ի մեկնաբան Խանդե Ֆիրատը։
«Թուրքիայում չկա ոչ մի մարդ կամ կազմակերպություն, որը կկարողանա հեղաշրջում իրականացնել։ Որոշ խմբեր փորձում են սադրանք կազմակերպել»,- հայտարարել է նախարարը։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին ԱՄՆ վերլուծական կենտրոնի զեկույցը վեճեր է առաջացրել երկրում՝ կապված նոր ռազմական հեղաշրջման հնարավորության ենթադրության հետ։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը չափազանց մոտ է եղել ամերիկյան զինվորականների հետ։
ԱՄՆ բանակի համար RAND ընկերության հաշվետվությունը, որը հրապարակվել է հունվարին, հաստատում է, որ 2016թ․ չհաջողված հեղաշրջումից հետո հարյուրավոր սպաների պաշտոնից հեռացնելու թուրքական կառավարության որոշումը հսկայական դժգոհություն է առաջացրել թուրք զինվորականների շրջանում։
«Այդ դժգոհությունը կարող է նույնիսկ հանգեցնել պետական հեղաշրջման հերթական փորձին, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կարծես թե, լրջորեն է վերաբերում սպառնալիքին»,- գրված է այնտեղ։
Ոստիկանությունը նախկինի պես շրջայցեր է կատարում հեղաշրջման մեջ կասկածվողների մոտ, իսկ այսօր, փետրվարի 18-ին, թուրք դատախազները հրահանգել են ձերբակալել 700 մարդու, այդ թվում՝ զինվորականների եւ արդարադատության նախարարության աշխատակիցների։
Զեկույցի հրապարակումից հետո մի քանի պաշտոնատար անձինք փակ նիստերում քննարկել են հեղաշրջման հնարավորությունը, սակայն Անկարայում ավելի շատ հակված են նրան, որ դա ընդամենը շշուկներ են, ոչ ավելին։
Այնուամենայնիվ, որոշ կառավարամետ վերլուծաբաններ լրջորեն են վերաբերում զեկույցի եզրահանգումներին եւ հոդվածներ են հրապարակել, որոնցում ասվում է հնարավոր հեղաշրջման մասին։
Թուրքական «Սաբահ» թերթի ակադեմիական վերլուծաբան Հասան Բասրի Յալչինը երկուշաբթի օրը գրել է, թե բոլորը պետք է լրջորեն վերաբերեն զեկույցին, քանի որ RAND-ն աշխատում է անմիջապես ԱՄՆ ՊՆ-ի համար։
Կառավարամետ Yeni Safak թերթի պահպանողական հեղինակ Յուսուֆ Կապլանը ասել է, թե հաջորդ հեղաշրջումը կկատարեն քեմալականներն ու զինված ուժերի աշխարհիկ խմբավորումները։
Էրդողանը նույնպես ներքաշվել է այդ քննարկումների մեջ։ Չխոսելով զեկույցի մասին՝ նա ասել է, թե 2016թ․ պետական հեղաշրջման փորձին թուրք ժողովրդի դիմադրությունը պետք է դաս լինի բոլորի համար։
Զեկույցում նաեւ անհարմար վիճակի մեջ են գցել Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Ակարին՝ նրան անվանելով «իդեալական մարդ» ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում։
Մի քանի շաբաթ լռությունից հետո Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ զեկույցը երկիմաստ էր, իսկ թուրքական զինվորականներին վերաբերող մեկնաբանությունները՝ անհիմն եւ անլուրջ։
Զեկույցում նաեւ ասվում է, որ Էրդողանի կառավարությունը ստեղծել է Ազգային պաշտպանության համալսարան՝ որպես բարձրագույն կրթական մարմին զինվորականների համար, որպեսզի հեղաշրջումից հետո «ոչնչացնի աշխարհիկության պաշտպանության թուրք զինվորականների մշակույթը»։
Ի պատասխան՝ ՊՆ-ն հայտարարել է, որ բանակում թուրք զինվորականները եւ ստորաբաժանումները հետեւում են երկրի օրենքներին ու կանոններին, իսկ նրա գլխավոր հրամանատարը նախագահն է։