Operativ.am-ը գրում է․
ԱՄՆ-ը թալիբների հետ պայմանավորվել է Աֆղանստանում «բռնության յոթօրյա նվազեցման» մասին։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը եւ հաջորդ օրը այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտնել է թալիբների հետ բանակցություններում «նկատելի առաջընթացի» մասին, հայտնում է AFP-ը։
«Միացյալ Նահանգները եւ թալիբները պայմանավորվել են բռնության յոթօրյա կրճատման մասին»,- լրագրողներին հայտարարել է Էսպերը՝ ՆԱՏՕ-ում իր գործընկերների հետ հանդիպումներն անվանելով «արդյունավետ»։ «Մենք միշտ ասել ենք, որ Աֆղանստանում լավագույն, եթե ոչ միակ, որոշումը քաղաքական համաձայնությունն է։ Այս ճակատում առաջընթաց կա, եւ ես հուսով եմ, որ մենք առասջիկայում ավելի շատ տեղեկատվություն կունենանք այդ հարցով»։ Նա չի նշել, թե երբ կսկսվի մասնակի հրադադարը, սակայն նախկինում պաշտոնյաներից մեկը ասել էր AFP-ին, որ «Թալիբանը» ուրբաթ օրը կսկսի «բռնության նվազեցումը»։
Հղում կատարելով աֆղանցի եւ ամերիկացի պաշտոնյաներին, New York Times-ը տեղեկացնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանական համաձայնություն է տվել թալիբների հետ գործարքին, որպեսզի կարողանա սկսել ամերիկյան զորքերի դուրսբերումը։