Գիտնականների միջազգային խումբը, չարորակ ուռուցքների առաջացման պատճառները բացահայտելու համար, քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ի ամբողջական ուսումնասիրություն է անցկացրել: Մասնագետները հիվանդության զարգացմանը նպաստող նոր մեխանիզմներ և գենետիկ մուտացիաներ են հայտնաբերել, հաղորդում է Science Alert պարբերականը:

Գենետիկները սահմանել են նուկլեոտիդային հաջորդականությունը քաղցկեղի 38 տեսակի գենոմներում՝ 2.8 հազար հիվանդների մոտ: Պարզվել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ գենետիկ մուտացիաների հազարավոր տարբեր համակցություններով, որոնց 80 տոկոսը կապված է տարիքի, իսկ մնացածը՝ ժառանգականության և կենսակերպի հետ: Ընդ որում, քաղցկեղի որոշ տեսակներ սկսում են զարգանալ ախտորոշումից տասնյակ տարիներ առաջ:

Դեպքերի հինգ տոկոսում գիտնականները քաղցկեղի առաջացմանը նպաստող հայտնի մուտացիաներ չեն հայտնաբերել, ինչը ցույց է տալիս ուռուցքների դեռևս չբացահայտված գենետիկական պատճառները: Միևնույն ժամանակ, քաղցկեղի տարբեր ձևերը, օրինակ՝ կրծքագեղձինը և շագանակագեղձինը, կարող են ունենալ զարգացման նմանատիպ մեխանիզմներ, ինչը նշանակում է, որ դրանք կարելի է բուժել նմանատիպ մեթոդներով:

Արդյունքների համաձայն՝ գենետիկ վերլուծությունը օգնում է բացահայտել քաղցկեղային ուռուցքների մինչև հինգ տոկոսը, որոնք չեն հայտնաբերվում կանոնավոր ախտորոշման միջոցով: Այն նաև թույլ է տալիս բացահայտել սխալ ախտորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել