Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Այս տարի՝ հունվարի 29-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել ծննդատների ֆիանանսավորման դադարեցման հետ կապված քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ծննդատների գլխավոր բժիշկները, մարզպետարանի ներկայացուցիչները: Ճիշտ է, շատ ողջունելի քայլ է, բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ սա հերթական փափուկ բարձն է ժողովրդի գլխի տակ, ինչպես նաև թվացյալ «հոգատար» ցուցադրությունը:

Հիմա ուզում եմ մի քանի հարց ուղղել PR մենեջերին: Երբ 2018-ի կեսերին այս որոշումը կայացնում էիք, որևէ ուսումնասիրություն կատարե՞լ էիք կամ որևէ համակարգային մոտեցում ունեի՞ք: Պարոն PR մենեջեր, ասեմ՝ իմանաք՝ յուրաքանչյուր ծննդատուն ունի իր խնդիրը: Արդյո՞ք Դուք առանձին հավաքագրել եք խնդիրները և առանձին վերլուծել դրանք: Չեմ ասում լուծել խնդիրները, որովհետև Դուք դա չէիք անի, քանի որ շահ չունեիք: Անդադար աղմկում եք՝ կադրային հագեցվածություն, սարքերի հագեցվածություն, մայրական մահ, ծննդկանի մահ, որակի բարձրացում: Իհարկե, երբ այս թեման ձնագնդիի պես մեծացավ, փորձեցիք բարդել մարզպետարանների և ՊՈԱԿ-ների տնօրենների վրա`մ ոռանալով, որ «գյուղից մարդ կա»: Դուք շատ լավ տեղյակ եք, որ մարզպետարանների ֆունկցիայի մեջ չեն մտնում այս հարցերը, քանի որ նրանք չեն տիրապետում առողջապահության ուղղորդված ֆինանսավորմանը, և լավ գիտեք, որ տրամադրված գումարները հազիվ ծայրը ծայրին հասցնելով բավականացնում են աշխատավարձի ֆոնդին և կոմունալ վճարներին: Հենց նախարարության խնդիրն է կադրերով համալրելը, չէ՞ որ բժշկական ինստիտուտի հետ բուհական բաժնում տարեկան հարյուրավոր կլինիկական օրդինատորներ են ավարտում և մնում են առանց աշխատանքի: Բա խրախուսեք նոր ավարտողներին, որ գնան մարզերում աշխատանքի: Կամ եթե նույնիսկ չկան համապատասխան մասնագետներ, պատվիրեք հետբուհական բաժնում:

Հիմա խոսենք ծնունդների թվից: Թե ինչ տրամաբանությամբ ու ինչ հաշվարկով եք շեմը դարձրել 150-ից ոչ պակաս ծնունդ, երևի գիտեք միայն Դուք և Ձեր հարկային տեսուչ տեղակալը: Իսկ ծնունդների թիվը կնվազի, թե ոչ՝ միայն կանխատեսում է: Ծննդօգնության հավանական մահերի մասին նույնպես ճիշտ չեք մեկնաբանում: Երբևէ կատարվե՞լ է ուղեգրվող հղիների ուսումնասիրություն կամ դրանց պատճառներն ու քանակը: Դե, իհարկե, ոչ:

Օրինակ բերեմ Աչաջուր ԱԿ-ի ծննդատան թվերով: 2019 թվականին Աչաջրից ուղեգրվել է մոտ 42 հղի 2-3 մակարդակի ծննդատուն: Հիմա ասեմ․ ուղեգրվողների թվի վերլուծությունը ցույց է տալիս բժշկի և տվյալ հաստատության բարձր որակը, մեծ պատասխանատվությունը: Բժիշկը հայտնաբերել է, որ ծննդկանը ռիսկեր է պարունակում և ուղեգրել է 2-3 մակարդակի ծննդատուն: Դրանից կախված՝ ծնունդների թիվը իջնում է: Ավելացնեմ, որ յուրաքանչյուր կին ցանկանում է կանանց կոնսուլտացիան անցնել այն բժշկի մոտ, որը կընդունի ծնունդը: Այստեղից հետևություն, որ կոնսուլտացիաներում նույնպես կպակասի դիմելիությունը, կիջնի բժշկի աշխատավարձը, և բժիշկը չի մնա աշխատելու: Դուրս է գալիս, որ այստեղ նույնպես չեք կարող համոզել: Ճանապարհներից չեմ խոսում, քանի որ չեք հասկանա: Դուք միայն տիրապետում եք google-ի տվյալներին ուղիղ գծով:

Հա, ու մի բան էլ․ որտե՞ղ եք ծախսել կամ ուղղորդել «Առողջապահական կազմակերպությունների վերազինման» նպատակով նախատեսված 2 մլրդ դրամը: Իսկ եթե չեք ծախսել, ուրեմն Դուք ճիշտ կազմակերպիչ չեք կամ նպատակադրված չեք արել, որ այս ազգակործան ծրագիրն իրագործեք:

##PR##

**Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքը չի փակվելու (աշխատելու է-լու է-լու է)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել