Հոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ հարյուրավոր բժիշկներ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են առողջապահության տեղական մարմինները:

Հիվանդանոցային հաստատությունների վարչության հայտարարության մեջ ասված Է, որ մեծ թվով բուժաշխատողների բացակայությունն ազդել է շտապօգնության ծառայությունների աշշխատանքի վրա: Փետրվարի 3-ին գործադուլին մասնակցել է մոտավորապես 2,7 հազար մարդ: Որպես ակցիայի կազմակերպիչ է հանդես եկել բուժաշխատողների նոր արհմիութենական միավորումը (Hospital Authority Employees Alliance): Նրա ակտիվիստներն զգուշանում են, որ հոնկոնգյան հիվանդանոցները չեն կարողանա տեղավորել բոլոր պացիենտներին համաճարակի հետագա տարածման դեպքում:

Համաճարակի սպառնալիքի պատճառով այստեղ փակվել են տուրիստական, մշակութային ու մարզական օբյեկտները, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, մինչեւ մարտ ամիս երկարացվել են դպրոցական արձակուրդները: Հունվարի 30-ից քաղաքը դադարեցրել է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը մայրցամաքային Չինաստանի հետ, երկու անգամ կրճատել է ավիաչվերթների թիվը ՉԺՀ-ի քաղաքների հետ: Նաեւ դադարեցված է չինաստանցի զբոսաշրջիկներին Հոնկոնգ մուտքի թույլտվությունների տրամադրումը:

Նախօրյակին Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել է Հոնկոնգի եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը ժամանակավորապես փակելու մասին, բացի Shenzhen Bay եւ Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջի անցակետերից: Փետրվարի 4-ին քաղաքում գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Խոսքը վերաբերվում է Հոնկոնգի 39-ամյա մի բնակչի, որը եղել է Ուհան քաղաքում: Ընդհանուր առմամբ Հոնկոնգում հաստատված է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել