Օրենսդրական փոփոխության միջոցով առանց հանցագործություն կատարելու հնարավոր չէ շրջանցել սահմանադրական կարգավորումը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առերևույթ և ուղղակի կերպով հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությանը։

Պատահական չէ, որ նախագծի հիմնավորման մեջ նախագծի հեղինակները որևէ հղում չեն նախատեսել Սահմանադրության նշված կետին։ Ավելին՝ կարծես դիտավորյալ կերպով արհամարհել են նշված սահմանադրական նորմի գոյությունը։

Համաձայն նշված դրույթի՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:
Այսինքն՝ «Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը» ձևակերպումն ուղղակիորեն ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխության վերաբերող հարցերով Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան։
Հետևաբար, սահմանադրական փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարանին դիմելն Ազգային ժողովի օբյեկտիվ պարտականությունն է, ոչ թե հայեցողական լիազորությունը։

Հ.Գ. Առաջիկա օրերին ցանկանում եմ տեսնել նախագծի հեղինակների «հիմնավորումներն» առ այն, թե ինչպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը թույլ տալիս սահմանադրական փոփոխության վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան դիմելը նախատեսել որպես Ազգային ժողովի «հայեցողական» լիազորություն։

Հ.Հ.Գ Ու ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք պետության դեմ ոտնձգած բոլոր հանցագործների թաթիկները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել