Օրերս ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձևը։ Սա առաջին անգամ է, որ Սենատի կողմից նման որոշում է ընդունվում, և ըստ էության, սա արդեն նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է ԱՄՆ օրենսդիր իշխանության կողմից:
Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ, ինչպես գիտենք, ԱՄՆ դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածությունները պետք է հաստատվեն Կոնգրեսում, և ըստ այդմ, կհաստատվեն այն մարկանց թեկնածությունները, ում դիրքորոշումը չի հակասում Կոնգրեսի դիրքորոշմանը: Օրինակ՝ Թուրքիայում կարող է նշանակվել ԱՄՆ դեսպան, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը լուրջ խնդիր է Թուրքիայի համար: Թերևս նաև դրանով է պայմանավորված թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների չափից ավելի էմոցիոնալ արձագանքը Սենատի կողմից բանաձևի ընդունմանը: