Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից։ Նա, մասնավորապես, ասել է, թե հայկական կողմն իբր ներկայացրել է բանակցությունների «Լավրովի պլանը», և բանակցությունների ընթացքում քննարկվում են կոնկրետ կետեր, իսկ բանակցային օրակարգում Արցախյան հիմնահարցի կարգավորման փուլային տարբերակն է։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է սովորաբար բանակցային գործընթացի մանրամասների մասին մեր հանրությունը տեղեկանում առաջին հերթին ադրբեջանական կողմից, և ինչո՞ւ հայկական կողմը բանակցային գործընթացի մասին պարզաբանումներ չի տալիս, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Մամեդյարովի հայտարարությունները, քանի որ վերջինս կարող է բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը ներկայացնել միայն իր նախընտրած դիտանկյունից։