Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հավանաբար, կվիճարկվի դատական կարգով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել է , որ ներկայումս քննարկվում է բողոքարկման հարցը։ «Դա դեռևս քննարկման փուլում է, ժամկետների մեջ է։ Առաջիկայում կտեղեկացնենք»,- նշեց նա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փաստաբանը դիմել էր հսկողություն իրականացնող դատախազին՝ պահանջելով դադարեցնել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը սակայն մերժվել էր։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը եղել է բավական ընդգրկուն՝ վիճարկելով, թե ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հանցակազմը, թե գործառութային անձեռնմխելիությունը։ Սակայն դատախազությունը մերժել էր բողոքը՝ առանց բարձրացված փաստարկներին անդրադառնալու։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Արա Բաբլոյանը հայտարարել է, որ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել