Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մայիսի 13-ին միջնորդություն է ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արամ Վարդևանյանը։

Վերջինս միջնորդությունից մանրամասներ չներկայացրեց, պարզապես ասաց, որ այն բավականին ծավալուն է և ոչ թե ենթադրում է փաստական հանգամանքների վերլուծություն, այլ իրավական վերլուծություն. «Եթե փաստական հանգամանքների վրա է շեշտը դրվում, ապա բնականաբար պետք է հետաձգվի դատաքննության ընթացքում դրանք հետազոտելու պայմանով, քանի որ ցանկացած փաստական հանգամանք մինչև դատարանի կողմից չհետազոտվի, իրենից իրավական ուժ չի ենթադրում։ Դա իրավական հանգամանքների մասով է»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդության քննարկումը տեղի կունենա հուլիսի 9-ին կայանալիք նիստում։

Հիշեցնենք, որ քրեական գործով որպես մեղադրյալ են անցնում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել