Hraparak.am-ը գրում է․

Անցյալ տարվա հոկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ պաշտոնեական կեղծիք եւ իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Բաբլոյանին, սակայն, չկալանավորեցին, այլ խափանման միջոց ընտրեցին երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Բաբլոյանի հետ մեղադրվում է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Մեղադրանքի հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի գործող կամ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի «հանգամանքը»։ Ըստ ՀՔԾ-ի՝ Բաբլոյանն ԱԺ նախագահ եղած ժամանակ օրենքի խախտումով է հայտարարել Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու մասին, եւ այդ «խախտմանն» ի պաշտոնե նպաստել է նաեւ Արսեն Բաբայանը։ Այս գործով վերջինս անգամ մի որոշ ժամանակ անցկացրեց կալանքի տակ, սակայն մոտ մեկուկես ամսից նրան ազատ արձակեցին։ Արա Բաբլոյանն էլ, Արսեն Բաբայանն էլ չեն ընդունում մեղադրանքը, համարում են շինծու, քաղաքական։ Հիմա, սակայն, այս գործով դատական նիստեր են ընթանում։

Երեկ հետաքրքրվեցինք պարոն Բաբլոյանից, թե ինչ նորություն կա իրենց գործից, եւ արդյոք ՍԴ-ում տեղի ունեցած վերջին փոփոխությունները կարո՞ղ են իրավիճակ փոխել իրենց գործում եւս։ Նա նախ ասաց, որ հերթական նիստը հուլիսի 9-ին է սպասվում, դրանից առաջ մի նիստ եղել է, եւ ինքը որեւէ կարգավիճակի փոփոխություն չի էլ սպասում։ «Ես էն գլխից ասել եմ, որ ես ոչ մի խախտում չեմ արել ու չեմ էլ անելու ու ես հաստատելու եմ, որ խախտում չկա։ Մանավանդ հիմա, որ իմ փաստաբանն էլ նոր հիմնավորում է ներկայացրել, որով 100 տոկոս ինքը կարողանում է ապացուցել, որ իրականում ես ճիշտ եմ»,- ասաց նա։

Բայց Բաբլոյանն իր դատական գործընթացը չի կապում ՍԴ-ի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ «Ես իմ դատական պրոցեսը սրա հետ, ինչ տեղի է ունեցել, չեմ կապում, ու որեւիցե մեկը թող չկապի։ Իմ դատական պրոցեսը պետք է ընթանա այնպես, ինչպես պետք է՝ օրենքով, նորմալ ճանապարհով, ես միշտ ասել եմ՝ ես համաձայն եմ, որ իմ գործը գնա դատարան, ու ես պիտի դատարանով հաստատեմ, որ որեւիցե սխալ թույլ չեմ տվել։ Ինձ պետք է, որ ես արդար ձեւով, օրենքով սահմանված կարգով գնամ, դատարանում հաստատեմ, որ ես ճիշտ եմ եղել»։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն էլ այդ հույսն են փայփայում, որ արդարությունը հաղթի, եւ դատարանը շարժվի օրենքով, սակայն արդյոք մեզանում օրենքի տառը պահպանվո՞ւմ է, եւ քաղաքականացված մեղադրանքներով հնարավո՞ր է հասնել արդարության․ դա է հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել