Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Շերը քննադատել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հայ քահանայի և նրա հոր սպանությունը: Նա Twitter-ում գրել է, որ «Իսլամական պետությունը» վերադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շնորհիվ: «Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ապա նրանց բերել եք դուք և Էրդողանը: Դուք օգնել եք Էրդողանին քրդերին սպանելու հարցում»,- գրել է երգչուհին: Նրա խոսքերով, «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է երջանիկ լինի, որ մարդիկ են մահանում: «ԻՊ-ն սպանել է հայ քահանային ու նրա հորը: Էրդողանը գնե՞լ է ձեզ»,- գրել է նա:

Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։ Հոգևորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեր Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաև Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։ Քրդական Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել