Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:
Ընկերակցության փոխնախագահ, դեսպան Ռոլֆ Նիկելը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա ծանոթանալ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են մի խումբ քաղաքագետներ, փորձագետներ, դիվանագետներ, ուսանողներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է երկու տարի անց վերադառնալ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: Կցանկանայի արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը երկրորդ անգամ ինձ ընդունելու համար:
Եթե փորձենք համեմատել քննարկումների վերնագրերը՝ «Հայաստանի հեռանկարները խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ», նախորդի՝ «Անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում» հետ, դա կարտացոլի պատմական զարգացումները և հետագա հեռանկարները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:
Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ ես և Ադրբեջանի նախագահը ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որին ներկա էր նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Հռչակագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով և համապատասխանում է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ՝ հիմա և ապագայում։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ նախագահ Թրամփի, նախագահ Ալիևի և իմ ներկայությամբ։
Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտի համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար։
Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։
Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն։
Փաստորեն, «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։
Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։
Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը։
Իհարկե, խոսելով մեր տարածաշրջանի մասին, ես պետք է նաև այս հարգարժան լսարանին տեղեկացնեմ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին։
Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը։ Այս շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում՝ իմ և նախագահ Էրդողանի, մեր Արտաքին գործերի նախարարների և հատուկ ներկայացուցիչների, երկու Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև համապատասխան ոլորտային նախարարությունների միջև։
Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտականհարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա մարտին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը։ Շատերը հարցնում են, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ և որքանով է իրատեսական այս նպատակը։ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքը, առաջին հերթին, մեզ համար խթան է հետևողականորեն իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ։ Մեր նպատակն է` ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխանել ԵՄ չափանիշներին, քանի որ առանց նման համապատասխանության ԵՄ անդամակցությունն անհնար է։
Երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի այս եվրոպական չափանիշներին, մեր առջև կբացվի երկու ճանապարհ. կամ մեզ կընդունեն որպես ԵՄ անդամ պետություն, կամ՝ ոչ։ Իհարկե, մեր նախընտրելի սցենարն առաջինն է։ Նույնիսկ եթե անդամակցությունը տեղի չունենա, մենք հասած կլինենք կարևոր հանգրվանի. Հայաստանը կլինի մի երկիր, որը կհամապատասխանի ամենաառաջադեմ ժամանակակից չափանիշներին։
Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու մեր ձգտումը պայմանավորված չէ աշխարհաքաղաքականությամբ, այլ ժողովրդավարական ընտրությամբ. 2018 թվականի խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանը` որպես ռազմավարական խնդիր, հանձնառու է ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և անկախ դատական համակարգին։
Այս ճանապարհին, ընդամենը մեկ շաբաթ առաջ, Հայաստանը և Եվրոպական Միությունն ընդունեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը լրացնում է արդեն իսկ գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ): Այն սահմանում է մեր համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները՝ դառնալով եզակի ճանապարհային քարտեզ տարբեր շերտերում Հայաստանի ավելի խորը համաձայնեցման և ինտեգրման համար։
Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ոլորտային ինտեգրման հնարավորությունները թվային և հեռահաղորդակցության, էներգետիկայի և կապի ոլորտներում:
Տիկնայք և պարոնայք,
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Գերմանիա կատարած իմ այցի տնտեսական բաղադրիչին՝ միաժամանակ օգտագործելով առիթը՝ ամրապնդելու հայ և գերմանական բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Նման շփումներին աջակցելու համար մեր Կառավարությունը պետք է խթանի մեր գործարարների շարժունակությունը. և հետևաբար, ուրախ եմ նշել, որ մենք հաջողությամբ մեկնարկել ենք Եվրոպական Միության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Սա կարևոր քայլ է շարժունակության բարելավման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և միջմշակութային կապերի զարգացման ուղղությամբ: Վերջերս մենք ստացանք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որն ուրվագծում է Հայաստանի Կառավարության հիմնական չափանիշներն ու պարտավորությունները: Դրա հաջող իրականացման դեպքում կհաստատվի վիզայի ազատականացման ռեժիմ, որը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև ակտիվ փոխանակումներին։
Հարգելի գործընկերներ,
Այս բացման խոսքում դժվար է ամբողջությամբ անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմային, քանի որ այսօր այն իսկապես համապարփակ է՝ ընդգրկելով գրեթե բոլոր հնարավոր ոլորտները:
Վստահ եմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին Երևանում, նոր հնարավորություն կընձեռեն ինչպես գնահատելու մեր հարաբերությունների առաջընթացը, այնպես էլ առաջիկա տարիների համար ավելի հավակնոտ նպատակներ սահմանելու համար:
Թույլ տվեք եզրափակել իմ ելույթը՝ ընդգծելով նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, որը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկկողմանի հիմունքներով սովորելու և համագործակցելու համար:
Իհարկե, այլ համախոհ գործընկերների հետ մեկտեղ Գերմանիան կենտրոնական դեր է խաղում Հայաստանի համար, և մեր երկրների միջև ռազմավարական օրակարգի ընդունումը մեր հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի՝ ստեղծելով նոր պայմաններ մեր ռազմավարական գործընկերության համար։
Շնորհակալություն»։
Հաջորդիվ վարչապետը մասնակցել է «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել