(«ՄԱՌ ՄՈՐՄՈՔՈՒՄ Է ՄԱՅՐԱՄՈՒՏԸ»)
1. Ժանրային նոր ձևեր Չարենցի վերջին շրջանի քնարերգության մեջ
1934 թ. Հովհ. Թումանյանի «Գեղարվեստական երկերին» կցված խմբագրի առաջաբանում Եղիշե Չարենցը տալիս է տողատակի հույժ վերապահ այս պարզաբանումը. «Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել մանավանդ այդ չարաբաստիկ «ժանրերի» մասին: Թե որքան խախուտ բան է «ժանր» հասկացողությունը, զուրկ գիտական որևէ հատկանշից, ապացուցում է թեկուզ հենց այն հանգամանքը, որ ինքը Հովհ. Թումանյանը իր ժողովածուները կազմելիս շատ հաճախ միևնույն գրվածքը զետեղել է մերթ իբրև «լեգենդ», մերթ իբրև «հեքիաթ» և այլն,– և բոլոր դեպքերում էլ հավասար իրավունքով, որովհետև ամբողջ գրականագիտության մեջ չենք գտնի երկու հոգի, որ միևնույն բնորոշումը տային պոեմին կամ բալլադին, պատմվածքին կամ վեպին» (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու վեց հատորով, հ.6, Ե., 1967, Էջ 249):
Գրականագետ և հրատարակիչ Չարենցի այս նիհիլիզմը, սակայն, դյուրությամբ հերքվում է իր՝ բանաստեղծ Չարենցի գործնականով: Ոչ լրիվ երկու տասնամյակի ընթացքում այն ասպարեզ է հանել առնվազն երկու տասնյակից ավելի այնպիսի ժանրեր, որպիսիք սոսկ դրվագային կիրառություն են ունեցել նախընթաց հայ պոեզիայում կամ պարզապես ժանրային նորաբանություն են: Վերջիններից առայժմ թվելով հիշենք լիրիկական բալլադները, նոր վեդյան պոեմը, ռադիոպոեմները, գալանտ երգերը, ութնյակները, ռապսոդիան, թամաշան, պոեմանման վեպը, ռուբայիները, կինո-ֆելիետոնը, չափածո վեպը և այլն: Այս յուրօրինակ ժանրագիտությունը մի տեսակ ժանրային պայթյունի է հանգեցնում «Էպիքական լուսաբաց» և «Գիրք ճանապարհի» ժողովածուներում, որոնց բաժիններն ու շարքերը տարորոշված են հիմնականում ժանրային սկզբունքով:
Առանց հատուկ հաշվարկների էլ ակնհայտ է, որ ներբողների և խոհերի, էլեգիաների և էպիգրամների, սոնետների և լիրիկական անտրակտների, տաղերի և խորհուրդների, էպիտաֆիաների և ակրոստիքոսների, դիստիքոսների և բեյթերի այս արարողը միայնակ ստեղծել է շատ ավելի հարուստ ժանրային տեսականի, քան նախորդ և հետագա հայ բոլոր բանաստեղծները` միասնաբար առած: Խնդիրը, սակայն, բնավ քանակը չէ, այլ այն սոսկալի անտարբերությունը և անիրազեկությունը, որ արդեն մոտ հարյուր տարի դրսևորում է չարենցագիտությունը՝ ոչ միայն մենագրական ու հոդվածային ընթերցումները, այլև Չարենցի անգամ պոետիկայի և տաղաչափության համակարգումն իրագործելիս մեծ հաշվով շրջանցելով չարենցյան ժանրագիտությունը: Հավաքական չարենցագետն այնպիսի շեշտադրումով է հնչեցնում, ասենք, չափածո նովել, էպիքական ֆրագմենտ կամ ինտերմեդիա բառերը, ասես կարդացել է գոնե մեկ ուրիշ չափածո նովել կամ ապացուցել է, որ համաշխարհային գրականության մեջ ուրիշ ինտերմեդիա չի եղել, և այն հորինել է Եղիշե Չարենցը: Նմանօրինակ անհոգության առավել մտահոգիչ հետևանքը անիմացությունից եկող սխալներն են, որոնցից մի քանիսը կնշենք այստեղ՝ ուղեկցելով դրանք գրականագիտական կարճառոտ մեկնություններով:
Առաջինը, որքան էլ զարմանալի թվա, կապված է հանրահայտ «Պատգամի»՝ բոլորի կողմից վաղուց գոց սովորած ծածկագրի հետ՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Բանաստեղծի կենդանության օրոք այն պաշտոնապես քննարկվել է միայն մեկ անգամ. 1936 թ. նոյեմբերի 16-ին Մուղդուսու և Գևորգովի վարած հարցաքննության ժամանակ հնչում են մի կողմից «ակրոստիքոս», իսկ պատասխանող կողմից՝ «երկրորդ տառերի ակրոստիքոս» բնորոշումները: Հետագայում՝ Չարենցի արդարացումից ի վեր և մինչև օրս, հենց այդ երկու արտահայտություններով է բնորոշվել, այն էլ հարյուրավոր անգամ, արդեն հանրահայտ ասույթը: Մինչդեռ ակրոստիքոս ասելով անտիկ պոեզիայից մինչև օրս հասկանում են ծայրակապը՝ տողերի առաջին տառերով վերից վար կապվող ուղղահայացը: Միջին տառերով կապվող ուղղահայաց տողը կոչվում է մեզոստիքոս (վերջին տառերով կապվողը՝ տելեստիքոս): Անվանումը գալիս է հին հունարենից՝ mesos՝ միջին բառից: Այսպիսով՝ «Պատգամի» «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ծածկագրությունը մեզոստիքոս է, և այսուհետև պետք է խուսափել այն «ակրոստիքոս» բառով բնորոշելուց:
Գիտե՞ր արդյոք Չարենցը մեզոստիքոս տերմինը: Հարցի պատասխանը թաքնված է մի երկրորդ հարցի մեջ. ծանո՞թ էր արդյոք նա ժանրերի, բանաստեղծական հնարքների, հետաքրքրաշարժ ձևերի այն խայտաբղետ որոնումներին, որ 20-րդ դարի սկզբին ծավալվում էին ամերիկյան, եվրոպական և ռուսական գրական շրջաններում: Վերջին հարցի դրական պատասխանը միանշանակ է. բարձրաթռիչ որևէ երևակայությամբ անհնար է պատկերացնել, օրինակ, որ «Գիրք ճանապարհի»-ին հաջորդած մի քանի տարվա ընթացքում Չարենցը զուտ տաղանդի շնորհիվ կամ ազգային ավանդներին հետևելով կարող էր բազմաթիվ գործեր գրել «համակցային բանաստեղծության» և «խորհրդավոր ձևի»՝ հայոց լեզվում ցարդ չեղած, իսկ աշխարհում բավական տարածված այնպիսի օրիգինալ ձևերով, որպիսիք են մոնոստիքոսը, տրիպտիքոսը, տետրապտիքոսը, թանկան, տավտոգրամը... 1910-20-ական թվականներին այս ֆենոմենալ ժանրերը լայնորեն շրջանառում էին ռուսական պոետիկայում՝ թե՜ գործնական, թե՜ տեսական իմաստավորումներով: Փորձի առումով առաջամարտիկը Չարենցին այնքան սիրելի բանաստեղծ Վ. Բրյուսովն էր:
Մոտ է պարագան նաև վերջին տարիների մի քանի այլ ժանրերի դեպքում, որոնց ճշտումներին և ստեղծագործական կապերին անդրադառնանք խիստ համառոտ:
Մեծ ոլիմպացուց քաղված բնաբանով օժտված դիստիքոսներից մի քանի տարի անց՝ կյանքի վերջին տարում, Չարենցը գրեց իր մոնոստիքոսները: Մոնոստիքոսը նույնպես քիչ հանդիպող կայուն ժանրաձև է, որի շառավիղները ձգվում են հռոմեական էպիգրամից մինչև ճապոնական հոքու, 20-րդ դարասկզբի ռուսական պոեզիայից մինչև ամերիկյան արդի բանաստեղծություն: Մոնոստիքոսի վերածնունդը շատերը կապում են Վ. Բրյուսովի հայտնի միատողի հետ՝ «О закрой свои бледные ноги»: Եվ դարձյալ Բրյուսովի ժանրային մշակույթի դաշտում Չարենցը ստեղծում է իր մոնոստիքոսները, որոնց մեջ վերստին պահպանում է կապը սեփական կենսագրության, պատմության և ազգային մշակույթի հետ:
Նախասիրած հեղինակին և ազդակ տվող նմուշը չկրկնօրինակելու անուղղակի ապացույց է Չարենցի դիմումը հին ճապոնական բանաստեղծության փոքր ձևերին: Այդ շեղումը սերտորեն առնչվում է մոնոստիքոսի ձևին. Ավելին՝ որոշ մեկնաբաններ ճապոնական հոքուն համարում են մոնոստիքոս՝ գրված հիերոգլիֆներից կազմված ուղղահայաց մեկ տողով: Այստեղ էլ նկատենք, որ Չարենցի հատորներում ընդգրկված հինգ թանկաներից երկուսը, որ եռատող են՝ 5-7-5 վանկերով, իրականում հոքուներ են, այսինքն՝ մոնոստիքոսներ.
1) Բիլ ճառագայթ է,
Բիլ-կապույտ ճառագայթ է...
Քո ժպիտը, սե՜ր...
2) Օ, իրիկվա երկինք,-
Դու անսահման կապույտ ես...
Օ, սիրտ իմ տխուր...
Փոքր-ինչ ավելի վաղ՝ 1935-36 թթ. են հորինվել Չարենցի երկու գործեր, որ վերաբերում են դարձյալ ժանրային կայուն ձևերին: Առաջինը՝ «Էկլեզիաստեսը», կրում է տրիպտիքոս հեղինակային ժանրանշումը: Տրիպտիքոսը երեք մասից կազմված ստեղծագործություն է, որ առավելապես տարածված է նկարչության և երաժշտության մեջ: Աշխարհի լավագույն գեղանկարչական տրիպտիքոսներից մեկը՝ վերնագրված «Երկրային յոթ վայելքներ», ստեղծվել է 16-րդ դարի սկզբում և պատկանում է վրձնին Հիերոնիմ Բոսխի, մի նկարչի, որի կտավներով զմայլված էր Չարենցը և հիշատակում է նրան իր բանաստեղծություններում: Պատկերամտածողության ընդհանուր եզր կարելի է համարել աստվածաշնչյան մոտիվների կիրառությունը, բայց և անմիջապես աչքի է զարնում Բոսխի տրիպտիքոսի վերածնական պայծառությանը հակոտնյա այն փիլիսոփայական մռայլը, որով ներծծված է խոսքը «Էկլեզիաստեսում»: Չարենցը դարձյալ գնում է ինքնուրույն և բարդացված համակցությունների: Այս առումով ուշագրավ է նաև, որ թեման «Էկլեզիաստեսում» տրոհված է խոսքերի՝ Առաջին խոսք, Երկրորդ խոսք… Վերջիններիս առնչությամբ բացառված չէ «Էկլեզիաստեսի» ծագումնաբանական կամ անուղղակի-միջնորդավորված կապը երաժշտական տրիպտիքոսների հետ: Հավանական աղբյուրների թվում են ժամանակով Չարենցին մոտ կանգնած երկու նշանավոր գործեր՝ Կլոդ Դեբյուսիի «Ծովը» (1903) և Պուչինիի օպերան, որ հենց «Տրիպտիքոս» էլ կոչվում է և առաջին անգամ բեմադրվել է 1918 թ.:
Բացառված է թվում, սակայն, որ ժանրը մուտք գործած չլինի գրականություն: Եվ իսկապես էլ այն գրականացվել է, այն էլ հենց պոեզիայում և, որ ուղղակի ցնցող է, Չարենցի նախասիրությունների մեջ մտնող, նրա գրադարանի և ընթերցման շրջանակի մաս կազմող երկու պոետների գործերում: Այդ ձևին սիրով դիմել են Նիկոլայ Գումիլյովը և Աննա Ախմատովան՝ յուրաքանչյուրը մեկից ավելի անգամ: Եթե գեղանկարչական, երաժշտական և բանաստեղծական հիշյալ տրիպտիքոսների կամ դրանց մի մասի հետ Չարենցի «Էկլեզիաստեսը» անմիջական կապ չունի, նման զուգադրումների նշանակությունը չի նսեմանում, քանի որ դրանց շնորհիվ որոշակիանում են երկի ինչպես ժանրային բնութագիրը, այնպես էլ բնագրագիտական լուծումները: Ցավալի է, բայց պետք է արձանագրենք վերջին կարգի մի վրիպում. Չարենցի «Անտիպ և չհավաքված երկերում» (Ե.,1983), ուր վերնագրի ներքո առկա է տրիպտիքոս, այսինքն՝ եռամաս ստեղծագործություն հեղինակային նշումը, Չարենցի «Էկլեզիաստեսը» տպագրվել է երկու մասով (էջ 95-98):
Մեղադրանքը չէ այս նկատումի նպատակը, այլ Չարենցի բնագիրը բնօրինակին առավելապես մոտեցնելու մտահոգությունը, մանավանդ որ առկա է բզկտված ձեռագրերի գործոնը:
Տրիպտիքոսից կարճ ժամանակ անց Չարենցը ստեղծել է «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» տետրապտիքոսը, որով ամբողջանում է մոնոստիքոս-դիստիքոս-տրիպտիքոս-տետրապտիքոս ոսկի շղթան:
Տետրապտիքոսը, ինչպես և անունն է հուշում, չորս մասից կազմված ստեղծագործություն է (հունարենից հայերենին անցած տետր՝ չորսթերթանոց նշանակությամբ բառը ևս նուրբ զուգադրություն է առաջացնում քառամաս կառուցվածքի հետ): Այս կայուն ժանրաձևի բանաստեղծական նախօրինակը շատ ավելի հայտնի և մեզամոտ է: Խոսքը վերաբերում է Վ. Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմին, թեև դարձյալ բացառված չեն հնարավոր զուգորդումները արվեստի այլ ձևերի հետ. չմոռանանք, որ տետրապտիքոս է երաժշտական մի երկ, որ արդեն մոտ երեք դար գերում է աշխարհը: Խոսքը վենետիկյան հանճար Անտոնիո Վիվալդիի «Տարվա չորս եղանակներ» ջութակի կոնցերտի մասին է. բարոկկո ոճով հորինված այդ տետրապտիքոսի չորս մասերը խորհրդանշում են մարդու չորս տարիքները:
Չարենցյան տետրապտիքոսը համադրում է մշակութային մի շարք շերտեր: Մի կողմից՝ այն գրված է սոնետների ձևով, կայուն մի ձև, որ պատանեկությունից սկսած գրավում էր ժանրերի վարպետին և անփոփոխ տեղ է գրավում նաև վերջին տարիների նրա չափածոյում: Մյուս կողմից՝ թեմատիկ, բառապաշարային և ոճական առումներով այն ուղղորդված է դեպի Նարեկացի և, միջնորդավորված եղանակով, դեպի Սուրբ գիրք: Բարեբախտաբար, «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» տետրապտիքոսը մեզ է հասել և տպագրվել անհամեմատ բարվոք վիճակում: Միակ անպատեհությունը «Անտիպ և չհավաքված երկերի» ծանոթագրություններում հայտնված այն ենթադրությունն է, թե իբր երկն ունեցել է հինգերորդ սոնետ ևս: Նույնիսկ մեջբերվում է այդ ենթադրյալ մասի մի տարբերակը (էջ 585-586): Նկատի ունենալով չարենցագիտության փխրուն վիճակը՝ պետք է բացառել նման հավանականությունը. տետրապտիքոսը չի կարող ունենալ հինգ մաս (ի դեպ, դժվար է չնկատել նաև, որ Վ. Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» պոեմի՝ Պարույր Սևակի թարգմանությունն էլ նրա երկերի վեցհատորյակում տպագրվել է առանց տետրապտիքոս կարծես թե անշրջանցելի բնորոշման):
2. Տավտոգրամ. տավտոգրամներ կ և վ տառերով
Վերջապես, կյանքի մայրամուտին Չարենցը սևեռումով դիմում է մեկ ուրիշ «խորհրդավոր ձևի», որ եղածների մեջ ամենից հինն է, սկիզբ է առել անտիկ աշխարհում և երկրորդ կյանքի կոչվել 20-րդ դարի սկզբին՝ մի քանի ռուս բանաստեղծների ձեռքով: Խոսքը այն բանաստեղծության մասին է, որի բոլոր բառերը սկսվում են նույն տառով: 1937 թ. Չարենցը շարահյուսել է մի քանի այդպիսի գործեր, որոնցից մեկի համարյա բոլոր բառերը սկսվում են կ, մյուսինը՝ միայն վ տառով, և գործերի մի շարք, որի բառերը սկսվում են բացառապես մ տառով: Այս բանաստեղծությունները բնորոշելիս չարենցագիտությունը տանջում է իրեն «մ տառի բաղաձայնույթ» և նման կարգի ձևակերպումներով, մինչդեռ դա նույնպես ունի աշխարհին լավ հայտնի անուն՝ տավտոգրամ (հունարեն tauto` նույն և gramma՝ գիր բառերից):
1926 թվականին լույս տեսած «Հետաքրքրաշարժ տաղաչափություն» գրքում, որ 1929 թվականին վերահրատարակվել է «Կիրառական տաղաչափություն» վերնագրով, բանաստեղծական կայուն ձևերի հմուտ մասնագետ Ն. Շուլգովսկին ժանրատեսակը բնութագրում է որպես «ծայրահեղության հասցված ալիտերացիա (Шульговский Н. Н., Прикладное стихосложение / Изд. второе, исправленное и дополненное. — Ленинград: Прибой, 1929, с. 20.): Երևույթի վերածնման առաջին քայլը համարում են Դավիթ Բուռլյուկի՝ լ տառով մի տավտոգրամը՝ գրված 1913 թվականին, իսկ ամենամեծ նվաճումը՝ Վ. Բրյուսովի՝ 1914-ին ստեղծված հետևյալ տավտոգրամը.
Мой милый маг, моя Мария,
Мечтам мерцающий маяк,
Мятежны марева морские,
Мой милый маг, моя Мария,
Молчаньем манит мутный мрак.
Мне метит мели мировые
Мой милый маг, моя Мария,
Мечтам мерцающий маяк.
Այս խիստ անսովոր բանաստեղծությունը շուտով ունենում է բազմաթիվ հետևորդներ: Հետաքրքիր է, որ այլ տառերի շարքում հատկապես մ-ն է դառնում ամենից տարածվածը: Օրինակ՝ 1935 թ. լույս է տեսել Ս. Կիրսանովի ծավալուն տավտոգրամը, որ հենց այդպես էլ կոչվում էր՝ «Մ տառը»: Ավելի ուշ հայտնվում է, ասենք, մի գործ, որ հյուսված էր Բուլգակովի վեպի հերոսների (Мастер, Маргарита) անունների սկզբնատառերի շուրջը: Մեկ ուրիշ հեղինակ գրում է էլ ավելի ծայրահեղ տավտոգրամ, որի բոլոր բառերը և՜ սկսվում, և՜ ավարտվում են մ տառով: Չարենցի գործերը, սակայն, ակնհայտորեն ներշնչված են հենց Բրյուսովի մեջբերված ստեղծագործությունից: Բնորոշ է, որ նրանից պահպանված նմուշների մեջ գերակշռում է հենց մ տառը: Առավել ուշագրավ է, որ դրանցից լավագույնն ու ամենից ավարտունը հենց տրիոլետ է, ինչպես և Բրյուսովինը.
Մառ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մոխիր է մովից մաղում,
Մեռնում է մութը մթնշաղում,-
Մառ մորմոքում է մայրամուտը:-
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում,-
Եվ մորմոքում է մայրամուտը.
Մահվան մրուր է մովից մաղում...
Տրիոլետի կայուն ձևի և տավտոգրամի համադրությունը ստեղծել է դասականության այնպիսի շունչ, որի առկայությամբ գոնե այս երկու գործերի պարագայում կասկածելի է թվում տարածված այն վերապահությունը, թե նման գրվածքները գեղարվեստորեն լիարժեք չեն կարող լինել:
Եվ դարձյալ, ինչպես բոլոր նման դեպքերում, Չարենցը դրսևորում է զանազան ավանդույթների, ազգայինի և համաշխարհայինի, սեփական փորձի և յուրացրածի միաձույլ համադրություն: Առավել խորությամբ դա դրսևորվում է մ-ով տավտոգրամներում, որոնք, ի դեպ, նաև քանակով ամենաշատն են, ունեն մի ամբողջ շարք տարբերակներ: Բայց դրանց անդրադառնալուց առաջ նկատենք, որ նույնը անվերապահորեն կարող ենք պնդել նաև մեկական բնագրով պահպանված տավտոգրամների դեպքում, որքան էլ դրանք առաջին հայացքից թվան գրչի խաղ կամ փորձարարություն: Ահակ բաղաձայնի կուտակումով գրված «Իմ կեսօրին» բանաստեղծությունը, որի մի քանի բառեր են միայն (այդ թվում մեկը՝ վերնագրում), որ չեն սկսվում կ-ով.
Օ՛, կարմրածուփ իմ կեսօր,– կյանք իմ՝ կանգնած դեռ կանգուն
Կաս-կարմրավոր ես կրկին,– օ՛, կարմրածուփ իմ կեսօր,–
Ե՜վ կախաղան, և՜ կալանք, և կառափնուտ քո կյանքում
Ե՜վ կափարիչ կրագույն,– դու կրեցիր, օ՛, իմ օ՜ր...
Կա՜մք, դու կայմեր կամեցար,– և կամարներ կամավոր,
Եվ կարոտներ կապտածիր, և կանաչներ կանաչող,–
Կանացի կանչ՝ քեզ կանչող՝ և՜ կարկաչող կանաչ օ՜ր...
( Ե. Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր,º., 1983, էջ 207)
Բանաստեղծական հնարքի խիստ յուրօրինակ կիրառությամբ հանդերձ՝ հիշողության մեջ արթնանում է այն զուգահեռը, որ հայերեն տառերով գրված առաջին հայտնի բանատողերում առկա է բաղաձայնույթ, և այն հենց կ տառով է.
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և...
Առավել հետաքրքիր զուգորդումներ է առաջացնում վ տառով կազմված տավտոգրամը.
Վաղվաղակի վառվել ես վառ,
Օ՛, վաղորդա՜յն վոսկևորիկ,
Որ վարդաբույր վառի վարակ՝
Վարժ վարողին, վազքավորին,-
Վահր ու վրեժ, վոխ ու վարակ
Վանիր վերքից ու վոսկորից,-
Վառիր վոգու վառք անարատ,-
Օ՛, վաղորդայն վոսկևորիկ...
( Ե. Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, էջ 217)
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/norutyunner/hodvacner/seyran-grigoryan-yeghishe-charenci-tavtogramnery
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել