Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երեկվա հարցազրույցից հատվածներով և գրել. «Այդ ամենին» չի խառնվում, Արցախի հանձնման մասին էլ, չի խառնվել»:
Մեկ այլ հատված կիսվելով մեկնաբանել է. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Իսկ ինձ համար հայ լինելը նշանակում է կարծիք ու ցավ ունենալ, երբ երկիրդ թուրքին են նվիրում ներսից, ու գոռալ դրա մասին ու հայ մնալ: Նույնիսկ թե վերջում միշտ էլ քարկոծում են, հայ մնալու համար «Նահատակվելը» օրհնություն է ոչ թե պատիժ»:
Նշենք, որ երեկ Տիգրան Մանսուրյանը հարցազրույց էր տվել և պատասխանել այն հարցին, թե արդյոք նա էլ է դեմ «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին, քանի որ մշակութային գործիչների ստորագրահավաքին կար նաև իր ստորագրությունը:
«Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված»,- ասել է կոմպեզիտորը:
Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումների հետ կապված մաեստրոն ասել է. «Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, և այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որևւէ բանի տակ դնել, որովհետև դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որևէ կողմից»։