Yerkir.am-ը գրում է․
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովն ընդունում է այն օրինագծերը, որոնք ժամանակին ինքն էր հետ ուղարկում, քանի որ այդ օրինագծերը խորհրդարան էին բերել նախկին իշխանությունները: Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությանը, ըստ որի, օրենսգրքի 3.1 հոդվածը լրացվում է՝ կապված խտրականության արգելքի հետ, որը տառացիորեն դեռևս 2018 թ. հունվարին ներկայացվել էր ԱԺ, սակայն իշխանափոխությունից հետո, իշխանական պատգամավորները հանեցին շրջանառությունից:
«Այս նախագիծը շատ կարևոր է: Սակայն պետք է նշեմ, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը արդեն շուրջ մեկ տարի այդ և նմանատիպ փոփոխությունների մասին բարձրաձայնել է: Մենք նաև ունենք հրապարակած վերլուծություն՝ աշխատանքի իրավունքի ոլորտում իրավական խնդիրներին վերաբերող, որտեղ ոչ պակաս կարևոր ևս խնդիրներ կան, որոնք առաջնային լուծման կարիք ունեն, սակայն կառավարությունը համապատասխան ընթացք չի տալիս հարցերի լուծմանը:
Այսօրվա փոփոխության օրինագիծը նույն ձևակերպմամբ 2018 թ. հունվարից ներկայացվել էր ԱԺ քննարկմանը՝ ավելի մեծ նախագծի կոնտեքստում: Բայց անհասկանալի պատճառներով հետ էր ուղարկվել ԱԺ-ից և շրջանառությունից դուրս էր եկել: Թերևս պատճառն այնն է, որ նախկին կառավարության ներկայացրած նախագիծն էր: Հատկանշական է, որ հիմա այդ նախագծից կտոր-կտոր տարբեր հոդվածներ առանձնացված, տարբեր պատգամավորներ՝ այդ թվում իշխանական և ընդդիմադիր, վերցնում են և ԱԺ ներկայացնում որպես սեփական նախաձեռնություն:
Պետք է գործող իշխանություններին հիշեցնեմ, որ 1-2 ամիս առաջ մեր գրասենյակը ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող բացահայտված խնդիրներ և առաջարկվող լուծումներ վերտառությամբ ամբողջական վերլուծություն է հրապարակել և մենք հրավիրել էինք քննարկման շահագրգիռ լայն հանրությանը: Այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է համակարգային և օր առաջ լուծումներ ստանան, ինչը ցավոք չենք նկատում գործող կառավարության օրակարգում և կարծես նրանց կողմից աշխատանքային իրավունքները անտեսված են և երկրորդ պլան են մղված». – նշել է Թադևոս Ավետիսյանը: