Yerkir.am-ը գրում է․
Վերջին 20 տարին ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ամռանն ասում են՝ թեժ աշուն է սպասվում, Նոր տարվա գինարբուքներից հետո ասում են՝ քաղաքական թեժ գարուն է սպասվում: Այս կանոնը, փաստորեն, գործեց, ու իսկապես թեժ եղավ գարունը՝ իշխանափոխություն եղավ. Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, քաղաքական առումով, իրապես թեժ աշնան ականատես լինենք, այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ թեժությունը կապված չէ որևէ մեկի քմահաճույքից: «Ես, օրինակ, չեմ ցանկանա, որ թեժ լինի աշունը, որովհետև թեժությունը չի կարող չանդրադառնալ մարդկանց տրամադրության, տնտեսության, սոցիալական խնդիրների վրա, որովհետև եթե կա թեժ իրավիճակ, մի կողմը փորձում է հարցը լուծել հօգուտ իրեն կամ իր շահառուների, այստեղից էլ ծնվում են հակասություններ, ատելություն: Առանց այն էլ թեժ է մեր կյանքը: Երկու օր առաջ հարցազրույց էի տալիս, ասացի, որ եթե անգամ ինչ-որ դատավորներ իրենց աշխատանքային կենսագրությամբ, աշխատանքի արդյունավետությամբ գովելի չեն, կասկածելի են, թող նրանցով զբաղեն իշխանություննները: Նշեցի նաև, որ չի կարելի մի ամբողջ համակարգի մասին նույն գնահատականը հնչեցնել: Համակարգը շարքից հանել՝ չունենալով այլընտրանք, անկարելի է: Ասացի նաև, որ եթե մենք գնանք այն ճանապարհով, որ ամեն մի իշխանություն դատական իշխանություն փոփոխի, ուրեմն մեռավ դատական համակարգը: Ես մասնագիտական դիտարկում եմ արել, ինչը որոշ շրջանակների առիթ է տվել ամենավերջին հայհոյանքներով արտահայտվել իմ հասցեին: Բանը նրան էր հասել, որ մի կեղծ օգտատեր հայհոյախառն բաներ էր գրել իմ հասցեին: Հիմա ես ի՞նչ ասեմ ավանակի՝ այդ անդավաճան զուգընկերոջը: Չգիտեմ՝ ով է, բայց կարելի՞ է անընդհատ թշնամանքի մթնոլորտ ստեղծել»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով, որ պետք է փորձենք հասկանալ իրար, փորձենք օգնել, որ ո՛չ իշխանավորն ընդդիմադիրին ընկալի՝ որպես իր թշնամու, հակառակորդի, ո՛չ էլ՝ հակառակը:
Yerkir.am-ի հարցին, թե այդ առումով ի՞նչ անելիք ունեն իշխանությունները, պատգամավորն արձագանքեց՝ ասել է ու ասում է՝ այդ ամենում հիմնականում իշխանությունն է մեղավոր:
«Չեմ ասում՝ հիմնական մեղավորը, գուցե ես էլ իմ մեղքն ունեմ, և անմեղ մարդ չկա երկրիս երեսին, բայց որ այս համատարած ատելության ու թշնամության մթնոլորտը բուռն զարգացում ապրեց այս իշխանության օրոք, այդ ճշմարտությունը չխոստովանելն ավելորդ երկյուղածություն է: Եթե նախարարն իր ամբողջ առաքելությունը համարում է, Հայաստանի գեղատեսիլ վայրերում լայվ ու սելֆի անելով, իր ժամանակը սպառելն ու պետական բյուջեից սնվելը, ժողովուրդն էլ, նայելով այդ ամենին, մտածում է՝ եթե նախարարի միակ առաքելությունն ինքնահիացմունքն է, ինքնագովազդվելը, ինքն ինչո՞ւ լայվ չանի, մեկին էլ ինքը պախարակի: Եղբա՛յր, գործ է պետք անել, ժողովուրդը «հեղափոխություն» չի արել, որ լայվ անող նախարար տեսնի, այլ «հեղափոխություն» է արել, որ այն նախարարներին, որոնց քննադատել են ու ճիշտ են արել (իհարկե, ոչ բոլորին), փոխարինելու գան արժանիները: Եթե «հեղափոխությունից» հետո ոչինչ չի փոխվել, ապա մեծ լավատեսություն է եղածը հեղափոխություն անվանելը: Ի վերջո, պետք է ապացուցել, թե ինչի համար եք եկել, ժողովրդին չեն հետաքրքրում լայվերը, թենիս խաղալը: Ամոթ է, աշխատել է պետք»,- ամփոփեց ԲՀԿ-ական պատգամավորը: