Ամուլսարի մասին:
Ի սկզբանե անընդունելի էր նախ որոշման կայացման մեթոդը՝ "անկախ" փորձագետների խմբի գնահատականի հիմամբ:
Մի կողմ թողնելով էն հարցը, թե աշխարհում ո՞րտեղից և ո՞նց կարող է լինել իրապես չեզոք փորձագետ, ու մի պահ ենթադրելով, որ անկախ փորձագետը, ինչպես և ծիրանի միաեղջյուրն իրոք գոյություն ունեցող կենդանի է, նույնիսկ այդ դեպքում կա հետևյալ հարցը.
-եթե երկրի օրակարգային կարևոր հարցերից մեկում որոշումը փաստացի պետք է կայացնի ծիրանի միաեղջյուրների, իմա՝ անկախ փորձագետների խումբը, ապա ինչի՞ համար ընդհանրապես գոյություն ունի այդ երկրի կառավարությունը: Միթե՞ միայն ընթացիք, առօրյա կառավարման համար:
Հաջորդը:
Ի՞նչ ընդհանուր քաղաքական փոիլիսոփայության և ռազմավարության մաս է Ամուլսարի մասին կայացվելիք որոշումը: Այդ ընդհանուր փիլիսոփայության մեջ, ի՞նչ տեղ ունի հանքարդյունաբերությունը ու դրա զարգացման տարբերակները:
Օրինակ:
Տարբերակ մեկ: Հայաստանն ընդհանրապես հրաժարվում է հանքարդյունաբերությունից:
Տարբերակ երկու: Հանքերը շահագործվում են, բայց դրանց շահագործումն իրացնում է պետությունը, իսկ եկամուտն ամբողջապես մտնում է ՀՀ պետբյուջե, և օգտագործվում է որպես ներդրում՝ ստեղծագործ տնտեսության զարգացման համար: Այս տարբերակում կարևորը եկամտի բաշխումն է, իսկ պետական թե մասնավոր, թե ինչ որ միջանկյալ ձև՝ ավելի երկրորդական:
Տարբերակ երեք: Ամեն բան մնում է նույնը՝ հանքերը շահագործվում են մասնավորի կողմից, օտար ընկերությունների կոմղից և դրանց եկամուտի մեծ մասը չի հասնում ՀՀ պետբյուջե:
Սկզբում պետք է տրվեն այս՝ ստրատեգիկ հարցերի պատասխանները, նոր դրանց մեջ տեղավորվի Ամուլսարի հարցը: Դա պետք է անի ՀՀ կառավարությունն ու իշխող թիմը, այլ ոչ թե ինչ որ ծիրանի միաեղջյուրների խումբ:
Կարծում եմ ակնհայտ է, որ երրորդ տարբերակն իր հոգով և փիլիսոփայությամբ հակասում է ինքնիշխանության և հեղափոխության մասին խոսակցություններին:
Կա և հետևյալը:
Անկախության հռչակագիրը, որը մեր սահմանադրության հիմնարար մասն է, պնդում է, որ ընդերքը պատկանում է հայ ժողովորդին: Եթե այդ պնդումը մեկնաբանենք ֆորմալիստական, ապա, իհարկե, կարելի է ասել, որ հայ ժողովուրդն իրեն պատկանող ընդերքը վարձով է տալիս կամ վաճառում է մի օտար, մասնավոր ուժին, և ստանում է դրա դիմաց ինչ որ եկամուտ: Բայց եթե այդ պնդման մեջ իմաստ և բովանդակություն ենք ուզում տեսնել, ապա դա կարող է նշանակել միայն այն, որ հանքերի շահագոման եկամուտը ամբողջւոյթմաբ կամ գոնե՝ փոխզիջման դեպքում մեծամասմաբ պատկանում է հայ ժողովորդին ներկայացնող հայկական պետությանը:
Եթե այսօր խոսում ենք անհնարինի քաղաքականությունից, ապա պետք չի սպասել 2050-ին ՝ անհնարին թվացողի իրացման համար: Անհնարինն իրոք քաղաքականության նպատակն է, որովհետև քաղաքականությունը ստեղծագործություն է, նոր իրողություններ ստեղծելու արվեստ, իսկ ժողովրդական հեղափոխությունների պատմությունն ապացուցում է, որ մոբիլիզացված ժողովուրդն իրոք կարող է իրացնել անհնարին թվացողը:
Այսօր շանս կա մտածելու, գործելու համարձակորեն, սկզբունքորեն, ստեղծագործորեն: Այլապես ո՞րն է 80 տոկոս աջակցության իմաստը:
Վերջինը:
Մենք պետք է վերջապես ազատվենք մեզ բնորոշ վարդագույն, օպտիմիստական պատեկրացումներից "աշխարհի", "միջազգային հանրության" մասին:
Աշխարհը լավը չէ:
Այն եղել ու մնում է գիշատիչների, անարդարության ու բռնապետության աշխարհ, ուր մեզ նման ազգերը ենթակա են շահագործման և ստրկացման, և ուր մեզ նման ազգերը պետք է ձգտենք ազատագրման: Հանքարդյունաբերությունն, ինչպես, որ դա կա այսօր մեզ մոտ երկրի շահագործման տեսակ է, և հանքարդյունաբերության հարցը երկրի ինքնիշխանության և ազատագրման խնդիր է:
Հ.Գ: Ես չեմ բացառում հարցի կոմպրոմիսային լուծումներ ի համեմատություն իմ շարադրած սկզբունքայինի: Բայց ես հատուկ շարադրել եմ հարցը սկզբունքային տեսակետից, որովհետև պետք է հստակ սահմանվի սկզբունքը, որպես դրանից ելնելով հնարավոր լինի կշռել հնարավոր կոմպրոմիսի չափը, և եղած որոշւմը գնահատվի ըստ հստակ սանդղակի: