ArmDaily.am-ը գրում է.
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի սատարել ՔՊ-ին Աբովյանում, քանի որ Գրիգոր Գուլյանն իր սրտով չի եղել: Բացի դրանից Սասուն Միքայելյանն ասել էր, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է եղել մեղավոր, որ Աբովյանում ՔՊ-ն պարտվել է.«Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»:
ArmDaily.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ռոմանոս Պետրոսյանից: Մարզպետը նշեց, որ դեռ չի ցանկանում ոչինչ մեկնաբանել.«Ես կլռեմ: Ցավում եմ այդպիսի որակումների համար»:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի միջև լարվածություն սկսվեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում, երբ Միքայելյանը չսատարեց Պետրոսյանի առաջադրած թեկածուին: Ավելին այդ ժամանակ ակտիվ խոսակցություններ էին պտտվում, որ Սասուն Միքայելյանն աշխատում է հենց Ռոմանոս Պետրոսյանի դեմ:
Նշենք, որ հունիսի 16-ին էլ ՔՊ համագումարի ընթացքում, երբ կուսակցությունն ընտրում էր վարչության անդամներ և նախագահ, Սասուն Միքայելյանը, ըստ ձայների հաշվարկի, չընտրվեց նույնիսկ վարչության անդամ, այն դեպքում, երբ դրանից առաջ Միքայելյանը ՔՊ վարչության նախագահն էր: